Հայաստանն ակնկալում է եվրոպացի խորհրդարանականների աջակցությունը՝ առաջիկայում ԵՄ հետ ՀՀ քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու շուրջ երկխոսություն սկսելու հարցում: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Երեւանում, «Եվրանեսթ» ԽՎ 4-րդ լիագումար նիստում իր ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք կարեւորում ենք քաղաքացիների շփումները խթանելու եւ ԵՄ հետ ազատ տեղաշարժ ապահովելու ուղղությամբ քայլերը: Ակնկալում ենք նաեւ խորհրդարանականների աջակցությունը՝ առաջիկայում ԵՄ հետ մեր քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու շուրջ երկխոսություն սկսելու հարցում:

Համոզված ենք, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի ձեւավորել նոր մոտեցումներ եւ ապահովել մեր քաղաքացիների համար տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերից փոխադարձաբար լավագույնս օգտվելու հնարավորություն` ամրապնդելով համագործակցությունը եւ խուսափելով նոր առճակատումներից եվրոպական մայրցամաքում»,-ընդգծել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Մենք ելնում ենք այն սկզբնակետից, որ հնարավոր է համատեղել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը՝ դրանից բխող պարտավորություններով հանդերձ, եւ Եվրոպական միության հետ խոր եւ ընդգրկուն օրակարգը: Ավելին, մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել եւ տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջեւ սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը եւ երկխոսությանը»: