Կանադան ապրիլի 24-ին  բարձր մակարդակով իր ներկայությունը կունենա Հայաստանում: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Կանադայի դեսպան (համատեղության կարգով՝ նստավայրը Մոսկվա) Ջոն Ռոնալդ Քյուրին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Կանադայի «Հայկական առեւտրային ցանց»-ի նախագահ Վահրամ Փիրջանյանը:

Դեսպան Ջոն Քյուրին շնորհակալություն հայտնեց նախարարին ընդունելության համար, պատմեց Հայաստանից եւ հայ ժողովրդից ստացած իր տպավորությունների մասին՝ բարձր գնահատելով հատկապես ազգային ավանդույթների, մշակույթի եւ կրթության հանդեպ հայության վերաբերմունքը, իր նկատառումները հայտնեց Կանադայի եւ Հայաստանի միջեւ տարբեր մակարդակներով հարաբերությունների զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Նա շեշտեց, որ այդ հարաբերությունների զարգացման հարցում կարող է գործուն դեր ունենալ «Հայկական առեւտրային ցանցը» եւ «Կանադայի առեւտրաարդյունաբերական պալատը, որի 19 գործարարներից կազմված պատվիրակությունը ներկայումս գտնվում է Հայաստանում: Նա տեղեկացրեց նաեւ, որ պատվիրակության անդամներից 2-ը հայ են:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հ. Հակոբյանը գոհունակություն հայտնեց դեսպան Ջոն Քյուրիի՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հայտնած տեսակետների եւ տեղեկությունների համար՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը բաց է, եւ կառավարությունը պատրաստակամ է ստեղծել բոլոր հնարավորությունները նրանց համար, ովքեր ցանկություն ունեն գալ Հայաստան եւ ձեռնարկատիրությամբ զբաղվել: Նախարարը բարձր գնահատեց Վահրամ Փիրջանյանի հայաստանանպաստ գործունեությունը՝ նրան համարելով «Հայաստանի տնտեսական դեսպանը՝ Կանադայում», ինչպես նաեւ ողջունեց Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն ծավալելու կանադացի գործարարների ցանկությունը: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը եւ Հայրենիքի հետ կանադահայության կապերի սերտացմանը:

Նախարարը հյուրերին ծանոթացրեց նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ սպասվող միջոցառումներին:

Դեսպանը նախարարին տեղեկացրեց, որ Կանադան ապրիլի 24-ին  բարձր մակարդակով իր ներկայությունը կունենա Հայաստանում, իսկ Կանադայում մի շարք միջոցառումներով կանադահայության հետ կհարգի ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ընդունելության ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց հայ-կանադական տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանն ավելի հասու դարձնելու նպատակով նախարարությունում կազմակերպել մամուլի ասուլիս՝ «Հայկական առեւտրային ցանցի» եւ կանադացի գործարարների պատվիրակության մասնակցությամբ: Առաջարկն ընդունվեց շնորահալությամբ: