Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին մտադիր է արգելել ռուս պատգամավորներին ոչ պաշտոնական այցով մուտք գործել իր պետության տարածք։ Այս մասին «Մոլդովա-1» հեռուստատեսության եթերում հայտարարել է նախագահ Տիմոֆտին։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է միջամտենք ստեղծված իրավիճակին։ Ես խնդրել եմ արտգործնախարարին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ռուս պատգամավորների մուտքը մեր երկիր ոչ պաշտոնական այցերի ժամանակ արգելելու համար»,- մեջբերում է հանրապետության նախագահի խոսքը ՏԱՍՍ-ը։

Նա նաեւ նշել է, որ Մոլդովայի ԱԳՆ-ն նախկինում Ռուսաստանի դեսպանատանը հայտնել էր Գագաուզիայի  (Մոլդովայի հարավում գտնվող ինքնավար տարածք) ղեկավարի պաշտոնի թեկնածուների հետ ռուս քաղաքական գործիչների հանդիպման վերաբերյալ իրենց դիրքորոշումը, որը ներկայացրել էր խորհրդարանի պատգամավոր Իրինա Վլախը։