Մարտի 17-ին Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) հանդիպում ունեցավ Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Ալբերտ դել Ռոսարիոյի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեսպան Վարդանյանը Ալբերտ դել Ռոսարիոյին փոխանցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույնները եւ վերահաստատեց Հայաստան այցելելու հրավերը:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարեւորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունն ու միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը` տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության խորացման համար:

Դեսպան Վարդանյանը նախարար դել Ռոսարիոյի խնդրանքով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ տեղեկացրեց, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական մոտեցում ցուցաբերել բանակցային գործընթացին, ինչն ուղեկցվում է շփման գծում սադրիչ գործողությունների իրականացմամբ ու հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներով:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` դեսպան Վարդանյանը ներկայացրեց այդ կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը:

Քննարկվեցին տարածաշրջանային արդի խնդիրներ, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: