Հայոց ցեղասպանության հանցագործության առջեւ Թուրքիայից ցանկացած տնտեսական շահ երկրորդ պլան է մղվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Իտալիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ալբերտո Չիրիոն:
Նա պատասխանեց նաեւ հարցին, թե ինչպես է իր կուսակցությունը՝ ընդդիմադիր Forza Italia-ն (Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորությամբ), վերաբերում վարչապետ Մատեո Ռենցիի 2014 թվականի դեկտեմբերի հայտարարությանն այն մասին, որ անհրաժեշտ է վերականգնել Եվրամիության հետ Թուրքիայի մերձեցման գործընթացը եւ նպաստել Անկարայի այդ ջանքերին:
«Կան բաներ, որոնք մասին Ռենցին մակերեսայնորեն է խոսում: Մենք ոչ միայն դեմ ենք Իտալիայի ներկա կառավարությանը, այլեւ կասկած ենք հայտնում ավելորդ հապճեպության արված մի հայտարարությունների առնչությամբ: Կարեւոր է, որպեսզի Թուրքիան պատմության հետ կապված եւ պատմության առջեւ իր պարտավորությունների շուրջ քայլեր ձեռնարկի: Պատահական չէ, որ ես այդ մասին ասում եմ Հայաստանում: Ինչպես լատիներեն են ասում՝ storia est magistra vitae - պատմությունը կյանքի ուսուցիչն է: Հարկավոր է ընդունել պատմությունը, եւ այն չի կարելի մոռանալ: Եվրոպային ինտեգրման ճանապարհին Թուրքիան պետք է մեծ ջանքեր գործադրի իր սխալներն ընդունելու ուղղությամբ»:
Հարցին, թե ո՞րն է ավելի կարեւոր, պատմական հարցերը, թե՞ Թուրքիայի հետ փոխշահավետ համագործակցությունը, իտալացի պատգամավորը պատասխանեց. «Տնտեսությունը կարեւոր է, բայց միայն դա բավարար չէ: Առաջին հերթին մենք մարդ ենք: Բաժնետոմսերից, բորսային գներից եւ այլնից առաջ: Իսկ այսօր չափազանց շատ է խոսքում փոխարժեքի մասին եւ չափազանց քիչ սրտի եւ պատմության էության մասին: Այսօր մենք այստեղ՝ Հայաստանի խորհրդարանի նախասրահում խոսում ենք ձեզ հետ: Մեր առջեւ Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային մամուլի ցուցահանդեսն է: Այս ամենի առջեւ տնտեսությունը երկրորդ պլան է մղվում»:




























