Քոբուլեթիի Աչկվիսթավի գյուղի հանրային դպրոցի չորս աշակերտներ հացադուլ են հայտարարել: «IPN»-ի տեղեկություններով, նրանցից 3-ը 10-րդ դասարանցի են, իսկ մեկը 9-րդ դասարանի աշակերտ է:
Դպրոցականները պահանջում են պաշտոնից ազատել տնօրեն Շորենա Մենագարիշվիլիին: Խնդիրը սկսվել է այն բանից հետո, երբ աշակերտներից երեքը չեն կարողացել արագացված կարգով քննություններ հանձնել: Նրանց խոսքով, վերջին քննության ժամանակ տնօրենը հատուկ իրենց խորհուրդ է տվել թեստերում սխալ պատասխաններ ընդգծել, ինչի արդյունքում երեք 10-րդ դասարանցիները ձախողել են քննությունը:
Ըստ «Գրուզիա Օնլայն»-ի, դպրոցի տնօրենի եւ աշակերտներից մեկի նոր Խաթունա Մենաբդեի լեզվակռիվը վերաճել է ծեծկռտուքի: Տնօրենը հայտարարում է, որ աղջկա մայրը, ով նույն դպրոցում պատմության ուսուցչուհի է, ծեծել է իրեն:
Կարգապահական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պատմության ուսուցչուհուն ազատել են աշխատանքից: Նա այրի է, 4 երեխաների մայր, իսկ հացադուլ հայտարարած 4 աշակերտներից 2-ն նրա երեխաներն են:
Խաթունա Մենաբդեն պնդում է, որ կոնֆլիկտի պատճառը քաղաքական է: Նրա խոսքով, տնօրենը «Ազգային շարժման» կողմնակից է, իսկ ինքը՝ «Վրազական երազանքի», եւ իրեն հեռացնելու համար տնօրենը որոշել է օգտագործել երեխաներին: Աջարիայի Կրթության նախարարությունը մտադիր է տեղում պարզել իրավիճակը:





























