Էներգետիկ ոլորտում Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությունը կարող է դառնալ Կասպից տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցության հիմքը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Տրանսանատոլիական գազատարի (TANAP) հիմնարկեքի պաշտոնական արարողության ժամանակ։

TANAP նախագիծը նախատեսում է մինչեւ 2019թ. ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով մինչեւ Իտալիայի հարավ ձգվող գազատար խողովակների համակարգ կառուցել, որով պլանավորվում է 6 մլրդ խորանարդ մետր գազ արտահանել Թուրքիաç եւս 10 մլրդ՝ Եվրոպա։ Հետագայում գազատարի հզորությունը կարող է մեծացվել մինչեւ 31 մլրդ խորանարդ մետր։

«Էներգետիկ ոլորտում Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությունը լավ հիմք է Կասպից տարածաշրջանի մյուս երկրների հետ բանակցությունները խորացնելու համար։ Պարզ է,  որ համագործակցության խորացումը տարածաշրջանի համար կարեւոր է էներգետիկ անվտանգության եւ էներգետիկ ներուժն ամբողջովին օգտագործելու տեսանկյունից»,- հայտարարել է Մարգվելաշվիլին։

Վրաստանի նախագահը  նաեւ նշել է, որ Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը սերտորեն համագործակցում են առեւտրատնտեսական ուղղությամբ։ «Անցյալ տարի Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի առաջին եւ երկրորդ առեւտրային գործընկերներն են եղել։ Ես վստահ եմ, որ այս ոլորտում մեր համագործակցության ներուժն ավելի մեծ է։ Վրաստանի տնտեսության համար շատ կարեւոր են միջազգային նախագծերը։ Երեք երկրների համագործակցությունը հաջողված է նաեւ զբոսաշրջության, առեւտրի եւ էլեկտրաէներգիայի ոլորտներում»,- մեջբերում է նախագահի խոսքը «Նովոստի Գրուզիա»-ն։