«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, ապա կալանավորված Ներսես Մելքոնյանը մարտի 18-ին նշանակված դատական նիստին չէր ներկայացել հարբուխի պատճառով: Այս մասին NEWS.am-ին ամբաստանյալի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Բարձր ջերմություն ունի, ուժեղ հարբուխ է: Այդ պատճառով էլ նիստին ներկայանալ չկարողացավ»,- ասաց փաստաբանը:
Ներսես Մելքոնյանն այժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, փաստաբանի խոսքով՝ կալանավայրի բուժմաս կամ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու անհրաժեշտություն չկա:
Նշենք, որ դատին չէր ներկայացել նաեւ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանը, որը մարտի 13-ին վիրահատվել է եւ երկկողմանի թոքաբորբ ունի: Դատական նիստը հետաձգվել էր եւ նշանակվել ապրիլի 13-ին:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




























