ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է 2014 թ.-ի իր գլխավոր ձեռքբերումները  եւ ներկայացրել 2015թ.-ի ծրագրերը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մարտահրավերներով լի հերթական տարվա՝ 2014 թ.-ի ընթացքում, ընկերությունը կարողացել է պահպանել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրքերը եւ գերազանցել նախորդ տարիների ցուցանիշները՝ մի շարք կարեւոր ուղղություններով: 2014թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` ընկերությունն ունի 2,14 միլիոն բաժանորդ եւ շուկայի 60,5 % մասնաբաժինը:

2014թ.-ի տարեվերջի տվյալներով` բջջային հեռախոսից ինտերնետ մուտք գործողների թիվը հասել է ավելի քան 1 միլիոնի՝ շոշափելի առավելություն ապահովելով շուկայի այս հատվածում: Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների (այդ թվում՝ անլար սարքերի, օրինակ՝ մոդեմի կամ երթուղղիչի միջոցով ինտերնետ մուտք գործողների) թիվը կազմում է 82,7 հազար: 2014 թ.-ին ընկերությունն իրագործել է նախատեսված ծավալով բաժանորդային սարքավորումների եւ աքսեսուարների վաճառք՝ սպառողներին մատչելի գներով առաջարկելով տարբեր ապրանքանիշերի գերժամանակակից բջջային սարքավորումներ: Այս հատվածում 2014թ. եկամուտը կազմել  է ավելի քան 1 միլիարդ դրամ՝ 2013թ.-ի համապատասխան ցուցանիշը գերազանցելով 38,7 %-ով:

2014թ.-ի ընթացքում շարժական կապից եւ հարակից գործունեությունից ՎիվաՍել-ՄՏՍ-ի եկամուտները կազմել են 77,6 միլիարդ դրամ (շուկայի ավելի քան 61.6%-ը), իսկ OIBDA ցուցանիշը կազմել է ավելի քան 38 միլիարդ դրամ:

Նախորդ տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 12,6 միլիարդ դրամի ներդրում: Ընկերությունը 2015թ.-ին եւս կշարունակի ընդլայնել իր ենթակառուցվածքները՝  ներդրումներ կատարելով այդ ոլորտում: 2014թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է ցանցի թողունակության ընդլայնման աշխատանքները՝ իր բաժանորդներին առավել նորարարական  ծառայություններ առաջարկելու նպատակով: Ցանցի բարելավման աշխատանքներ են իրականացվել երկրի ամբողջ տարածքում՝ բջջային ցանցի ծածկույթը տեխնոլոգիապես էլ ավելի բարելավելու եւ թողունակությունն ավելացնելու նպատակով, ինչը հուսալի հարթակ է հանդիսանալու նոր ծառայությունների ներդման համար՝ հաշվի առնելով առաջիկա տարիների ընթացքում տվյալների փոխացման ծավալների եւ որակի ակնկալվող աճը: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի չգերազանցված առաջատարն է շարժական հեռախոսակապի բազային կայանների թվով (1091 2G կայան, 1091 3G կայան եւ 250 4G կայան) եւ բջջային կապի ծածկույթով. 2G ցանցի ծածկույթը հասնում է 99.8%-ի, 2014 թ.-ին ընկերության ժամանակակից 3G/3.5G ցանցի ծածկույթը 97%-ից դարձել է 98%, իսկ 4G/LTE ցանցի ծածկույթը 36.6%-ից հասել է 45.7%-ի: Երեւան, Ծաղկաձոր, Դիլիջան, Վանաձոր եւ Գյումրի քաղաքներից բացի՝ 4G/LTE ցանցի հասանելիություն է ապահովվել նաեւ Վաղարշապատ եւ Արմավիր քաղաքներում: Միայն 2014 թ.-ի ընթացքում տեղադրվել է 39-ը 2G, 39-ը 3G եւ 50 4G նոր բազային կայան:

2015թ.-ին նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենտրոնացնելու է ջանքերը 2G եւ 3.5G ցանցերի վերազինման եւ թողունակության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ապահովելու է 4G/LTE ցանցի հասանելիություն` Հայաստանի այլ քաղաքներում:

Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակել եւ ձեւավորել է արժեհամակարգ, որն իր սահմանումն է ստացել ընկերության հիմնարար արժեքներում: Նորարարությունը, առաջատարությունը, ցանցի եւ հաճախորդների սպասարկման բարձր որակը, մատչելիությունը, հասարակության հանդեպ հարգանքը եւ հարատեւ զարգացումն  առաջնային արժեքներ են ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար:  «Հիմնարար արժեքները միավորում են մեզ, դարձնում ավելի զգոն, արդյունավետ, պատասխանատու, ավելի թափանցիկ եւ առավել մոտ մեր բաժանորդներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2014 թ.-ին ընկերությունը սոցիալական ներդրումներ է կատարել տարբեր ոլորտներում: Իրականացվել են երեխաներին վերաբերող ծրագրեր՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով առողջապահական երկարաժամկետ ծրագրերը, մշակութային եւ ազգային ինքնության պահպանումը, բարձրագույն կրթության ոլորտը, շրջակա միջավայրի պահպանությունն ու գյուղական ենթակառուցվածքների զարգացումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերոնշյալ ոլորտների համար այս տարի եւս սահմանել է  սոցիալական ներդրումների խոշորածավալ թիրախային ծրագրեր: 2005-2014 թթ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 22 միլիարդ դրամի սոցիալական ներդրում է իրականացրել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում: Ընկերությունը 1,9 միլիարդ դրամ է հատկացրել 2015 թ.-ի ծրագրերի իրագործման համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում առաջինն է իրականացրած կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի ծավալով եւ դրանց ընգրկման աշխարհագրությամբ:

«Մենք հավատում ենք Հայաստանի առավել լավ ապագային. այս նշանաբանն արտացոլում է մեր պարտավորվածությունը հասարակության եւ շրջակա միջավայրի նկատմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւորում է երկարաժամկետ մարտահրավերները՝ Հայաստանի բնակչության համար նախաձեռնելով եւ իրականացնելով կենսական նշանակության ծրագրեր», - հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

28,891,812,140 (մոտ 28,9 միլիարդ) դրամով ընկերությունը երկրորդն է Հայաստանի խոշոր հարկատուների 2014 թ.-ի ցուցակում: Ընդհանուր առմամբ՝ 2005 թ.-ից սկսած, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը  մուտք է գործել հեռահաղորդակցության շուկա, ընկերությունը 185,937,423,240 (մոտ 186 միլիարդ) դրամի չափով հարկ է վճարել պետական բյուջե: