Արդարադատության նախարարությունում ենթակային հարվածելու մեջ կասկածվող պաշտոնյան իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության պետի պաշտոնակատար Կամո Ադամյանն է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նա նախկինում աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավար: Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ կոնֆլիկտը եղել է պետռեգիստրի գործակալության բաժնի «հնաբնակ» պետերից մեկի հետ: Քննությանը մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդքան միանշանակ չէ, որ ծեծկռտուք է եղել, աշխատանքային թեմայով վիճաբանության ընթացքում պաշտոնյաները քաշքշել են իրար, իսկ թե ով է ում ամենից շատ հարվածել, դա դեռ պարզում են:

Մեր տեղեկություններով՝ Կամո Ադամյանը ծառայողական քննության արդյունքում ենթարկվել է կարգապահական տույժի, մասնավորապես՝ նկատողության, իսկ ծեծի ենթարկվածը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այժմ այս դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված է գործ, մեղադրյալներ չկան, կատարվում է քննություն:

Դեպքի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ պարզել անձամբ Կամո Ադամյանից, սակայն նա չի պատասխանում հեռախոսազանգերին: Դիմեցինք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Լուսինե Մարտիրոսյանին, ով մեզ փոխանցեց, որ միջադեպի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ենթադրությունների մեծ հնարավորություն տվեց մի պարզ պատճառով, որ այն ուղղակի դիմումի հրապարակայնացում էր: «Դեռ հարցեր կան, որոնց պատասխանը պետք է տա նախաքննությունը, սկսած միջադեպի եղելությունից, իրավիճակի վերաբերյալ իրական փաստերի վերհանումից մինչև այլ հանգամանքների պարզումը: Անգամ բացառված չէ, որ նախաքննութամբ կպարզվեն շատ հարցեր, որոնց մասին տեղեկատվական բացը շատերը փորձում են լրացնել ենթադրությամբ, կամ իրենց փորձի արդյունքում ունեցած համանման իրավիճակային զուգահեռներով»,-ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

Հարցին, թե  երբ է տեղի ունեցել դեպքը եւ որքանով են հավաստի տեղեկությունները, որ միջադեպին մասնակցել է պետռեգիստրի պետը, ով ծառայողական քննության արդյունքում նկատողություն է ստացել, վարչության պետի տեղակալն պատասխանեց. «Միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին: Դրան անմիջապես հաջորդել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում, այո Պետռեգիստրի պետի ժամանակավոր պաշտոնակատարը Աշխատանքային ներքին կարգապահական կանոնները խախտելու համար ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Ինչ վերաբերում է աշխատանքից իր դիմումի համաձայն ազատված համապատասխան պաշտոնյային, ապա նշեմ, որ նա ազատվել է մինչ ծառայողական քննության ավարտը: Հակառակ պարագայում ծառայողական քննության եզրահանգումները տեսականորեն կարող էին առընչվել նաև այդ անձին»: Լուսինե Մարտիրոսյանը շեշտեց, որ օրենքի սահմաններում իրականացվել են համապատասխան կարգապահական ընթացակարգեր, աշխատանքային կարգապահության խախտման համար պատժվող եղել է, իսկ քննության մասով քննչական մարմինների իրավասության հարցն է, այդ մարմիններին չվստահելու հիմք չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն գործակալության ղեկավար պաշտոնատար անձը, աշխատանքային հարաբերությունները պարզաբանելու հետ կապված ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործակալության սպասասրահում անհիմն վիրավորել է իրեն, որից հետո դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: