Բարձրաշենում թունաքիմիկատ խմած, այնուհետեւ մեքենան այրած տղամարդը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը նորմալ է եւ հնարավոր է այսօր էլ դուրս գրվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բարձրաշենի գյուղապետ Սուրիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ տղամարդը երկու որդի ունի, մեկը ծառայում է բանակում, մյուսը ամուսնացած է, ապրում է իր հետ: Ընտանիքում բոլորը աշխատում են, տղամարդիկ բանվորություն են անում: Գյուղապետը նշեց, որ հոր եւ որդու մեջ միշտ կոնֆլիկտներ եղել են, խնդիրն այն է, որ որդին շատ կոպիտ է հոր հետ, չի լսում, չի ենթարկվում նրան, իսկ մայրը միշտ որդու կողմից է: Դեպքի նախորդ օրը երեկոյան էլի ինչ-որ վիճաբանություն էր եղել հոր եւ որդու միջեւ, որը շարունակվել էր նաեւ առավոտյան, որից հետո տղամարդը թունաքիմիկատ էր խմել, մտել ավտոտնակ եւ այրել մեքենան: Նրան փրկել է հարսը, ով տեսնելով ավտոտնակից եկող ծուխը, վազել է հարեւանի տուն՝ օգնության խնդրելու:  Հարեւանը բացել է դարպասը, շտպաօգնություն են կանչել, տղամարդը այրվածքներ չուներ, պարզապես մրոտվել էր եւ սիրտ էր թափում, վտանգ կար, որ հրդեհը կվնասի նաեւ կողքի տունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի բնակիչներից մեկը ինքնասպանության նպատակով նախ թունաքիմիկատ է խմել, ապա նստել իրեն պատկանող «Օպել» մակնիշի մեքենան ու այրել այն:

Քիչ ուշ ընտանիքի անդամները նկատել են, որ ավտոտանկում մեքենան այրվում է, ներսում էլ մարդ կա: Հաջողվել է հրդեհն արագ մարել, իրեն էլ շտապ տեղափոխել հիվանդանոց:

50-ամյա Վ. Բ.-ն տեղափոխվել է «Էրեբունի», այնուհետեւ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ինքնասպանության փորձ կատարելու պատճառը հայտնի չէ: Չի աշխատում: Դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ի վաղ առավոտյան: