Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ կոչ է անում երկրի կառավարությանը պաշտպանել քաղաքացիական հասարակությունը։ Այս մասին մարտի 19-ին կայացած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոն։
«Արդարության համակարգը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում Արեւելյան գործընկերության համատեքստում» խորագրով քննարկումը կազմակերպել էին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահները, Հարավային Կովկասում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարն ու Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը։
«ԵՄ-ն նաեւ հետագայում կշարունակի կոչ անել Հայաստանի կառավարությանը արագացնել մարդու իրավունքների պաշտպանության եւ արդարադատության ոլորտներում բարեփոխումների անցկացումը եւ նոր օրենքներ ընդունել, որոնք կհամապատասխանեն ԵՄ չափանիշներին»,- հայտարարել է Դիդենկոն։
Դիդենկոն ներկայացրել է բարեփոխումների կարիք ունեցող 9 առաջնային ոլորտները։ Անհրաժեշտ փոփոխությունների թվում, նա նշել է անկախ դատական համակարգի ապահովման համար իրավական դաշտի վերանայումը, քաղաքացիական հասարակության մասին նոր օրենքը, մարդու իրավունքների ոլորտում գործողությունների պլանի մշակումը, կաշառակերության դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցները, ընտանեկան բռնության մասին օրենքը։
Իր հերթին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանն ընդգծել է, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը կարեւոր լծակ է մարդու իրավունքների պաշտպանության համար։ Նրա խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է ուղեկցվի մոնիտորինգի մեխանիզմներով եւ այստեղ կարեւորագույն դեր է խաղում քաղաքացիական հասարակությունը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նաեւ նշեց, որ ցավոք, Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում փոփոխությունները կատարվում են Եվրոպայի Խորհրդի եւ այլ կազմակերպությունների կողմից գործադրվող ճնշման արդյունքում։ Կառավարությունը մտադիր է այդ ոլորտում փոփոխությունների հասնել միայն եվրոպական կազմակերպությունների կողմից արած շահավետ առաջարկների դեպքում։





























