Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չի բացառվում առնվազն երկու տարբերակ մշակելու հավանականությունը, որոնցից մեկը կարող է եւ նվիրված լինել կիսանախագահական կառավարման ձեւին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար, Հայաստանի ՍԴ խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Ո՞ր փուլում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Ի՞նչ աշխատանքներ են արվել եւ առաջիկայում ի՞նչ է նախատեսվում:

Հայեցակարգը մարտի 13-ին հավանության է արժանացել Հանրապետության նախագահի կողմից, ինչի առնչությամբ մարտի 17-ին Սահմանադրական բարփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվեց Հայեցակարգի շնորհանդեսը:

Ե՞րբ վերջնական կհրապարակվի փաթեթը: Ի՞նչ հիմնական փոփոխություններ կառանձնացնենք:

Այս փուլում հանձնաժողովը ձեռնամուխ է եղել Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներին. նախնական տարբերակը նախատեսված է ավարտել օգոստոսին: Փոփոխությունները վերաբերում են գրեթե բոլոր սահմանադրական ինստիտուտներին, հատկապես էական վերանայումներ են նախատեսված մարդու իրավունքների եւ ազատությունների շրջանակի, դրանց ապահովման ու պաշտպանության երաշխիքների, իշխանությունների բաժանման սկզբունքն առավել հետեւողական իրացնելու, դատական իշխանության անկախության ապահովման, անմիջական ժողովրդաիշխանության հիմքերի ամրապնդման (օրինակ՝ նախատեսվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի ինստիտուտ), տեղական ինքնակառավարման համակարգի արմատական բարելավման առնչությամբ եւ այլն:

Կառավարման ո՞ր մոդելն է ավելի ընդունելի մասնագիտական հանձնաժողովի անդամների համար:

Հանձնաժողովում այս հարցում չի ձեւավորվել միասնական դիրքորոշում: Թերեւս, գերակշռող է համարվել խորհրդարանական կառավարման ձեւը, հաշվի առնելով, որ այն առավել համահունչ է ժողովրդավարական ինստիտուտների կայացման խնդիրների բարեհաջող լուծմանը: Միաժամանակ, հաշվի առնելով հանրության եւ քաղաքական ուժերի մտահոգությունը, որն արտացոլվեց նաեւ Հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահի հնչած ելույթում, Հանձնաժողովում չի բացառվում առնվազն երկու տարբերակ մշակելու հավանականությունը, որոնցից մեկը կարող է եւ նվիրված լինել կիսանախագահական կառավարման ձեւին: Բոլոր դեպքերում, հարկ է փարատել Հանրապետության նախագահի այն սկզբունքային մտահոգությունը, ըստ որի խորհրդարանական կառավարման ձեւը կարող է ընդունելի համարվել միայն այն դեպքում, երբ այն կուղեկցվի երկրի պաշտպանունակության հուսալի համակարգի առաջադրմամբ: Ըստ էության, հարկ կլինի առաջադրել այնպիսի իրավական լուծումներ, որոնք որեւէ կերպ խոցելի չեն դարձնի զինուժերի կառավարման ոլորտում առկա ձեռքբերումները: Նկատենք, որ կիսանախագահական կառավարման ձեւի պարագայում արտաքին անվտանգության առնչությամբ կառավարման ձեւավորված համակարգն իրեն անվերապահորեն արդարացրել է: 

Որքանո՞վ են հաշվի առնվել քաղաքական ուժերի դիտարկումները: Ո՞ր ուժերն են հանդես եկել առաջարկներով եւ ի՞նչ են առաջարկել:

Կարծում եմ, համարժեք հաշվի են առնվել այն քաղաքական ուժերի նկատառումներն ու առաջարկությունները, որոնք հավուր պատշաճի մասնակցել են հանրային քննարկումներին: Համակարգվածության ու խնդրին անհրաժեշտ խորությամբ անդրադառնալու տեսանկյունից կառանձնացնեի ՀՅԴ կուսակցության վերլուծական փաստաթուղթը, որում անդրադարձ կա գրեթե բոլոր սահմանադրական ինստիտուտներին: Կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստակամություն են հայտնել համարժեք մասնակցել քննարկումների եւ մշակման աշխատանքներին՝ նախապես հայտարարելով, որ առանձին հիմնադրույթների առնչությամբ ունեն տարաձայնություններ: Կարծում եմ, որ հետագա քննարկումների փուլում բոլոր այդ նկատառումներին հնարավոր կլինի պատշաճ արձագանքել: Բոլոր դեպքերում ողջունելի է այն քաղաքական ուժերի մոտեցումը, որոնք սահմանադրական բարեփոխումներին անդրադառնում են զուտ առարկայական հարցադրումներով, ձգտում են լավագույնս օգտագործել իրենց մասնագետների ներուժը եւ նպատակասլաց ազդել գործընթացների վրա:

Մամուլում գրվել է, որ նախագծի համաձայն անցում է կատարվելու համամասնական ընտրակարգի դեպքում ռեյտինգային քվեարկության ինստիտուտի: Իսկապես նման ինստիտուտ կարո՞ղ է ներդրվել եւ ո՞րն է դրա առավելությունը:

Չի բացառվում այդպիսի ինստիտուտի ներդրումը, սակայն դա դեռ լուրջ քննարկման նյութ է, ուստի այս պահին կարող ենք միայն կարծիք հայտնել: Առավելությունը, թերեւս, այն է, որ հնարավոր կլինի համատեղել համամասնական եւ մեծամասնական ընտրական համակարգերի առավելությունները, սակայն այս հարցադրումների մի զգալի հատված կարող է սպառիչ իրավական լուծում ունենալ միայն օրենքներով:

Նոր սահմանադրությամբ կարո՞ղ է փոփոխվել մեծամասնական-համամասնական հարաբերակցությունն ԱԺ-ում, կամ ընդհանրապես անցում կատարվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Նախորդ հարցի առնչությամբ տրված պատասխանին հավելեմ, որ այդ բնույթի հարցերի հստակ պատասխանը հանրությանը կտրվի համապատասխան բաժինները մշակելուց անմիջապես հետո, երբ դրանք կներկայացվեն հանրային քննարկումների: Ի դեպ, նախատեսվել է, հանրային քննարկումները կազմակերպել՝ ըստ պատրաստված բաժինների:

Պատրաստեց՝ Ինգա Մարտինյանը