65 տարին ապրելու համար շատ է, բայց հասարակ բաները հասկանալու համար՝ քիչ, ի՞նչ արած. հենց 65 տարեկան էլ դառնում եմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ով այսօր՝ մարտի 20-ին, դառնում է 65 տարեկան: Այս անգամ Անդրանիկ Միրզոյանի հետ զրուցեցինք ոչ թե նախկին պաշտոնից կամ աշխատանքից, այլ հենց իրենից:
Պարոն Միրզոյան, շնորհավորում եմ Ձեր տարեդարձը, ինչպե՞ս կբնորոշեք 65 տարին:
65 տարին ապրելու համար շատ է, բայց հասարակ բաները հասկանալու համար՝ քիչ, ի՞նչ արած. հենց 65 տարեկան էլ դառնում եմ: Բայց հոբելյանները գալիս են 70-ից հետո, որ հանրագումարի բերեն իրենց կյանքն ու գործը:
Առաջինն ո՞վ է Ձեզ շնորհավորում:
Ընտանիքիս անդամները: Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար, հատկապես՝ Ձեր: Շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր հիշել են ծննդյանս օրը, բայց չեն շնորհավորել, շնորհակալ եմ նրանց, ովքեր չեն էլ հիշել: Ծննդյանս օրը երբեք չեմ նշում, այն համարում եմ սովորական օր, ուստի՝ այս տարի էլ բացառություն չի լինի:
Պարոն Միրզոյան, երբեւէ Ձեզ հարցրել եք, թե ո՞վ եք դուք:
Մարդ, ով իր ապրած տարիներին հույսը չի դրել ժառանգության, (այդպիսին չի էլ եղել, միայն ժառանգել եմ հուզական աշխարհ) կամ մեկ ուրիշի վրա: Գոհ եմ իմ բախտից, որ ի վերուստ ինձ տրված է եղել ընդունակություն, աշխատասիրություն եւ համառություն: Ինչ արել եմ, սրտով եմ արել, դրանք իմն են, դրանցով ես կարողացել եմ պահպանել իմ արժանապատվությունը, անկոտրուն, այո, հենց այդ բնավորությունը: Դրանց մեջ ապրում է մարդու իմ տեսակը:
Ինչի՞ համար եք ամաչում կամ զղջում: Ի՞նչ առավելություններ եւ թերություններ կառանձնացնենք:
Արածներիս համար ամաչելու բան չունեմ, խղճիս դեմ ոչինչ չեմ արել, ամաչում եմ միայն չարածներիս համար: Առավելույունների մասին թող ասեն ինձ ճանաչողները, թերություններ ունեմ, որքան ասեք: Օրինակ՝ իշխանամետ եմ, ժամանակին եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը, նվիրված եմ եղել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, կնվիրվեմ նաեւ հաջորդ նախագահին:
Երջանի՞կ եք:
Ոչ, ինձ երջանիկ երբեք չեմ համարել, երջանիկ պահեր ապրել եմ, բայց մի բանում համոզված եմ, որ իմ ընտանիքը կարող է ներկայանալ աշխարհին ու մրցանակային տեղ շահել:
Ի՞նչ եք սիրում եւ ատում:
Ամեն ինչ էլ սիրում եմ, նայած ինչ տեսանկյունից ես մոտենում հարցին: Չեմ սիրում, ավելի ճիշտ ատում եմ դավաճանությունը:
Ինչո՞վ եք հպարտանում:
Հպարտանում եմ իմ ընտանիքով, իմ հայ լինելով: Հպարտանում եմ, որ ողջ գիտակցական կյանքս կապված է եղել քննչական աշխատանքի հետ եւ եթե նորից մի կյանք էլ ապրեմ, կսկսեի քննիչի աշխատանքից: Անհամեստ չհնչի, հպարտանում եմ, որ քննչական պրոֆեսիոնալ դպրոց անցած բազմաթիվ կադրեր եմ պատրաստել, ովքեր այսօր լուրջ պաշտոններ են զբաղեցնում: Վերջապես հպարտանում եմ, որ ՀՀ նախագահն ինձ վաստակավոր իրավաբանի կոչման է արժանացրել եւ շնորհել գեներալ-լեյտենանտի կոչում:
Այսօր տորթի մոմերը փչելիս ի՞նչ երազանք եք պահելու:
Երբեք չեմ փչել, հիմա էլ չեմ պատրաստվում փչել, բայց երազանքներ ունեմ, թող մնա դա ինձ:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը




























