ՀՀ արդարադատության նախարարությունը, տեղեկանալով Ռ.Հ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Արյուն՝ ի հիշատակ» նախագծի մասին, որոշել է անմասն չմնալ եւ մասնակցել կամավոր արյունատվությանը:
Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մասնագետներն այսօր Արդարադատության նախարարության աշխատակիցներին են ներկայացրել «Արյուն՝ ի հիշատակ» նախագծի շրջանակում իրականացվող դոնորների արյունատվության կարգը եւ պայմանները:
«2015 թվականի ընթացքում Արյունաբանական կենտրոնում նախատեսվում է իրականացնել արյան հավաքագրում՝ կամավոր անհատույց դոնորներից՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի»,- ասել է Կենտրոնի արյունաբան, Արյան դոնորների ռեեստրի ղեկավար Աննա Սեւոյանը եւ տեղեկեցրել, որ յուրաքանչյուր անհատույց դոնոր կարող է գրանցել իր արյունատվությունը www.bloodformemory.am կայքում:
Կենտրոնի բժիշկ, Արյան եւ նրա բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Անդրանիկ Շամիլյանն, անդրադառնալով արյան դոնորությանը, տեղեկացրել է, որ դոնոր կարելի է դառնալ պահպանելով հետեւյալ կանոնները՝ դաջվածքների, ասեղնաբուժության, ատամնաբուժական միջամտությունների հետաձգում՝ մինչեւ 6 ամիս, հանրապետությունից չպետք է բացակայել 1 ամիս եւ ավելի ժամկետով,ինչպես նաեւ արգելվում են ընդունել մի շարք դեղամիջոցներ:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին բժիշկները տեղեկացրել են նաեւ, որ դոնոր կարող է լինել 18-65 տարեկան յուրաքանչյուր առողջ մարդ, ով կյանքի ընթացքում չի հիվանդացել դեղնախտով, 55կգ եւ 65կգ ավելի քաշ ունի, վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս եւ ավելի ժամկետով չի բացակայել հանրապետությունից: Դոնոր չեն կարող լինել այն մարդիկ, ովքեր տեսողության խանգարումներ ունեն, ինչպես նաեւ ունեցել են ուղեղի ցնցում, գլխուղեղի տրավմա, ինֆեկցիոն հիվանդություններ՝ հեպատիտներ, էպիլեպսիա, էնդոկրին համակարգի հիվանդություններ եւ այլն:
Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները արյունատվության նպատակով օրերս կայցելեն Ռ.Հ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:





























