Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բառապաշարը հատուկ էր Ադոլֆ Հիտլերին եւ Սադամ Հուսեյնին. եթե Ալիեւի կուռքերը հենց այս մարդիկ են, ուրեմն նա նաեւ շատ լավ գիտի, թե ինչ ճակատագիր են ունեցել պատմական այդ դեմքերը: NEWS.am-ի հետ զրույցում Ալիեւի վերջին ելույթն այսպես մեկնաբանեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Զավեշտալի է, տարօրինակ է, ծիծաղելի է, նույնիսկ անընդունելի է, որ 21-րդ դարում ԱՊՀ անդամ երկրի, Եվրոպայի խորհրդի անդամի նախագահը խոսում է նման բառապաշարով: Սա հատուկ է Ադոլֆ Հիտլերին եւ Սադամ Հուսեյնին: Նման ապուշ հայտարարություն անելուց առաջ Ալիեւը պետք է հիշի, թեինչ ճակատագիր ունեցան Հուսեյնը եւ Հիտլերը: Ադրբեջանի ղեկավարն ընկել է իր իսկ ստեղծած հակահայկական գաղափարախոսության ծուղակը եւ այլեւս ոչինչ չունի ասելու՝ սերմանելու հակահայկական տրամադրություններ»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակն Ադրբեջանի ղեկավարին հորդորում է հիշել պատմությունը, որտեղ հստակ նշված է պատմական Հայաստանի ողջ տարածքը:

«Ալիեւի մոտ խոսում է հայկական բարդույթը: Եվրոպացի եւ ռուս մեր գործընկերները թող տեսնեն, թե կոպիտ ասած ինչ ծանր է մեր վիճակը, որ բանակցային սեղանին են նստում նման մարդու հետ»,- ավելացրեց ԱԺ փոխնախագահը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ գարնանային Նովրուզ տոնի կապակցությամբ ունեցած իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «հայ օկուպանտների ձեռքով անմեղ ադրբեջանցիների թափած արյունը անհատույց չի մնա»։