Մոնիկա Լեւինսկին պատմել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ ունեցած իր -սիրավեպի մասին։ Այս մասին գրում է The New York Times-ը։
«22 տարեկանում ես սիրահարվեցի իմ ղեկավարին։ 24 տարեկանում ես ճաշակեցի դրա կործանիչ հետեւանքները»,- հայտարարել է Լեւինսկին TED ոչ առեւտրային կազմակերպության կոնֆերանսի ժամանակ։
Պարբերականը հիշեցնում է, որ վերջին տասնյակ տասը տարիների ընթացքում Քլինթոնի նախկին սիրուհին խուսափում էր հասարակությունից, թեպետ թերթերը հաճախ էին հիշում նրա մասին։ Ըստ թերթի՝ մարտի 19-ին կայացած կոնֆերանսի ժամանակ Լեւինսկու արած հայտարարությունը ամենալուրջ հրապարակային հայտարարությունն էր այս թեմայով, փոխանցում է Gazeta.
Լեւինսկու՝ «Ամոթի գինը» խորագրով ելույթը ուղղված էր համացանցում հոգեբանական ճնշում գործադրելու դեմ պայքարին։
«Ինչպես 22 տարեկանում ես սխալվեցի, այնպես էլ ձեզնից ոմանք կարող էին սխալվել՝ սիրահարվելով սխալ մարդու։ Հնարավոր է՝ անգամ ձեր ղեկավարին։ Սակայն դժվար ձեր ղեկավարը ԱՄՆ նախագահը լիներ»,- խոստովանել է Մոնիկա Լեւինսկին՝ հավելելով, որ նա ակնթարթորեն մասնավոր անհատից վերածվեց մարդու, որին հրապարակայնորեն ստորացնում էին։ «Այսօր համացանցը հրապարակային ստորացումներն ավելի տարածված է դարձնում»,- նշել է Լեւինսկին։
Նրա խոսքով՝ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է «մշակութային հեղափոխություն» անցկացնել։ «Ժամանակն է միջամտել համացանցային մշակույթին։ Դուք կարող եք պայքարել, որ ձեր պատմությունը այլ ավարտ ունենա»,- եզրափակել է Լեւինսկին։





























