Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին  գիշերը համեմատաբար հանգիստ վիճակ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ գիշերը նորմալ է անցել սահմանին՝ համեմատաբար հանգիստ վիճակ էր, որոշ կրակոցներ եղել են, սակայն առանց լուրջ միջադեպերի:

Հայաստանի հատվածում՝ սահմանին, եւս համեմատաբար հանգիստ վիճակ է եղել, թեեւ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հայկական կողմը եւս ունի կորուստներ՝ 3 զոհ, եւս 4 զինծառայող վիրավորվել է: