Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների տանը հայտնաբերված զենքից են արձակվել բոլոր կրակոցները։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողներին ասաց Ավետիսյանների ընտանիքի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝ հրապարակելով դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։

Նա հայտնեց, որ առկա է նաեւ դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերված հագուստի եւ Պերմյակովի քրտինքները խմբային պատկանելիությամբ համընկնում են։

«Այդ հագուստը եղել է Պերմյակովի հագին, թե ոչ, կպարզի դատագենետիկական փորձաքննությունը»,- ասաց փաստաբանը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների խոսքով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ պարկուճներ եւ գնդակներ։

«Ավետիսյանների տանը հայտնաբերվել է 28 պարկուճ։ Սա նշանակում է, որ առնվազն այդքան կրակոց է հնչել հունվարի 12-ին»,- նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը։

Ի մի բերելով առկա եզրակացությունները՝ Վարոսյանն ընդգծեց, որ դատագենետիկական փորձաքննությունը շատ հարցերի կպատասխանի, այդ թվում՝ Պերմյակովից բացի այլ անձ եղել է Ավետիսյանների տանը, թե ոչ։

Ինչ վերաբերվում է Պերմյակովի հոգեկան առողջությանը, ապա փաստաբաններն այդ մասին տեղեկություններ չունեն, քանի որ այդ հարցը քննում է ռուսական կողմը։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: