Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների գործով ապացույցների մեծ մասը գտնվում է հայկական կողմի մոտ։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողներին ասաց Ավետիսյանների ընտանիքի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։
Նրա խոսքով՝ այսօր ստեղծվել է մի իրավիճակը, որը իրավաբանորեն ճիշտ չէ, ուստի իրավաբանական լուծում այս հարցին չի կարող լինել։
«Եվ ռուսական, եւ հայկական կողմի մեծագույն ցանկության դեպքում էլ գործի բազմակողմանի քննությունը կասկածի տակ է դրվում։ Չբացելով փակագծերը՝ նշեմ միայն, որ փորձեր արվում են՝ այս իրավիճակը լուծելու համար»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս ամենը չէր լինի, եթե ի սկզբանե Վալերի Պերմյակովը չհայտնվեր ռուսական կողմի մոտ եւ նրա դեմ քրեական գործ չհարուցվեր սպանության մեղադրանքով։
Ինչ վերաբերվում է համագործակցությանը, ապա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը նշեց, որ նամակագրության մասին ոչինչ չգիտեն։
«Կարելի է ենթադրել, որ Պերմյակովի հանձնման պահանջ չի եղել։ Իրավաբանորեն այս փուլում հանձման պահանջ պետք էլ չէ ներկայացնել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:





























