ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում եւ Հայաստանում մեծ աղմուկ հանած tsu.co սոցիալական կայքում վերջին մեկ շաբաթում գրանցվել է մոտ 10 000 հայ օգտատեր, որոնց անձնական տվյալները, սակայն, պաշտպանված չեն: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: 

«Հայաստանից վերջին մեկ շաբաթվա ընթացքում tsu.co-ի օգտատերերի թիվը հասել է մոտավորապես 10 000-ի: Ես չեմ հիշում նման դեպք, որ հայերն այսքան ակտիվ միանգամից լցվեին ինչ-որ մի կայք: Սոցցանցի համար դա լուրջ թիվ չէ, սակայն մեկ շաբաթվա համար մեծ բան է»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ սոցցանցը աշխարհի տարբեր երկրներում նման տարածում է գտել  հաջող գովազդից հետո:

Մեդիափորձագետը նշեց, որ սոցցանցը HTTPS համակարգով չի գործում, ինչի հետեւանքով   օգտատերերի անձնական տվյալները հասանելի են դառնում երրորդ անձի համար:

«Այս սոցիալական կայքում այդ համակարգը կիսատ-պռատ է աշխատում, մեկ միանում է, մեկ անջատվում է: Երեւի մարդկանց քանակի հետ կապված չեն հասցնում նորմալ կազմակերպել, քանի որ միանգամից շատ մարդ գրանցվեց: Իրենք հետագայում կսկսեն ավելի լուրջ վերաբերվել տվյալների գաղտնիության ապահովելուն»,- ասաց մեդիափորձագետը:

 Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սոցցանցը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ այնտեղ հնարավոր է գումար վաստակել:

«Գումարային տեսանկյունից պարզ չէ, թե որքան կաշխատեն, կախված է գովազդի քանակից, սակայն պարզ չէ՝ գովազդը շատ կլինի, թե քիչ: Եթե քիչ եղավ, պարզ է, որ գովազդից ստացված գումարը նույնքան էլ քիչ կբաշխվի օգտատերերի միջեւ: Եթե մարդիկ շատ արագ լցվեն այնտեղ, քան գովազդատուները, այդ գումարները արագ կսկսեն նվազել»,- ասաց մեդիափորձագետը՝ ավելացնելով, որ ինքը սոցցանցում մեկ շաբաթում ընդամենը 25 ցենտ է աշխատել: