Հայկական պետությունների հետ անհնար է խոսել զենքի լեզվով, դա հակասում է հենց Ադրբեջանի շահերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից կատարված հարձակմանը, նախարարն, առաջին հերթին, ցավակցություն է հայտնել ԼՂՀ ՊԲ հերոսաբար զոհված զինծառայողների հարազատներին ու մտերիմներին: «Տեղի ունեցածը ուժի սպառնալիքի կիրառման հերթական օղակն է, որը վերջին ժամանակներս հետեւողականորեն իրականացնում է Ադրբեջանը: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել շփման գծում իրավիճակը լարելուց խուսափելու եւ հակամարտության լուծման միայն խաղաղ մեթոդներին ապավինելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերը»,-ասել է Միրզոյանը: ՆՄրա խոսքով՝ ամեն անգամ մերժելով այդ ջանքերը, Ադրբեջանը սադրանքներ է կազմակերպում՝ դրանով մարտահրավեր նետելով ոչ միայն Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, այլեւ ամբողջ միջազգային հանրությանը: Նախարարի կարծիքով, Բաքվի նման վարքը փակուղի է մտցնում բանակցային գործընթացը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 19-ին ժամը 08:30-ի սահմանում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի մատնվել, այնուհետեւ, հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանի կողմից դիվերսիայի ժամանակ ոչնչացվել է հակառակորդի առնվազն 12 զինծառայող





























