Այս տարի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ արված ուղերձում:

Ուղերձում նաեւ ասվում է.

«Հիշարժան է, որ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար, նախագահ Աբդու Դիուֆը 2010թ. ապրիլին Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ արտահայտելով ֆրանկոֆոն երկրների համերաշխությունը եւ անվերապահ նվիրվածությունը մարդու իրավունքների համընդհանուր արժեքներին:

2015թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հագեցած ծրագիրը չի զիջում նախորդ տարիների ավանդույթներին. երկու ամիս շարունակ Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում անցկացվելիք շուրջ 550 մշակութային, գեղարվեստական, համալսարանական, հանրակրթական միջոցառումները նվիրված են լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան եւ նշանավորելու են կազմակերպության՝ խաղաղության, արդարության, հանդուրժողականության եւ համերաշխության արժեքները: Այս անգամ եւս Ֆրանկոֆոնիայի ծրագրին իրենց գործուն մասնակցությունն են բերելու երիտասարդությունը, ինչպես նաեւ՝ Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցություն իրականացնող ՀՀ կառույցները եւ քաղաքացիական հասարակությունը:

Երկամսյակը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մեծ ակտիվության վկայությունն է: Այս տարի դրան առանձնահատուկ կարեւորություն է հաղորդում հոկտեմբերի վերջին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը:

Ֆրանկոֆոնիայի ղեկավար մարմնի այս հերթական հանդիպումը, որին մասնակցելու են նորընտիր գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանը, ինչպես նաեւ՝ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների նախարարները, բացառիկ միջոցառում է լինելու մեր երկրի համար: Այն առիթ է հանդիսանալու՝ արժեւորելու ֆրանկոֆոն մշակույթը եւ պահպանելու երկամսյակի հանդիսավոր մթնոլորտը ողջ տարվա ընթացքում՝ նպաստելով, որ 2015 թվականը հիրավի նշանակալից լինի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համար»: