Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում է համագումարի: ԲՀԿ նախկին խոսնակը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ հայտ է ուղարկված Պաշտպանության նախարարության համապատասխան վարչություն Մարզահամերգային համալիրի դահլիճը մայիսի 2-ին վարձակալելու խնդրանքով «Քաղաքացիական շտաբի» հիմնադիր համագումարի անցկացման համար: Հարցին,թե սա նշանակում է, որ դուրս եք գալիս ԲՀԿ-ից, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ բոլոր գործողությունների մասին տեղեկատվություն կցանկանա ստանանք դրանց կայացման պահին, խոսակցություններն ու խոսքերը ավելորդ են:
Նշենք, որ ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը չէր մասնակցել ԲՀԿ խմբակցության նիստին, որտեղ ընտրել էին ղեկավար եւ քարտուղար: Իսկ դրանից առաջ էլ նա չէր մասնակցել ԲՀԿ-ականների խնջույքին: Նա նշել էր, որ նիստին չի մասնակցել նպատակահարմարությունից ելնելով, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կիրակի օրը տեղի ունեցած խնջույին չմասնակցնելուն, պատգամավորն ասաց, որ դա քաղաքական միջոցառում չէ, հետեւաբար դրա հետ կապված հարցը տեղին չէ, արդիական չէ եւ որեւէ մեկին վերաբերող չէ:





























