«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Տիգրան Ուրիխանյանից ԲՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ որեւէ դիմում չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Հարցին, թե ինչպես եք վերաբերում, որ Տիգրան Ուրիխանյանը նախաձեռնել է «Քաղաքացիական շտաբ» անունով կազմակերպության ստեղծմանը եւ մայիսի 2-ին կկայանա հիմնադիր համագումարը, ԲՀԿ խոսնակն ասաց հետեւյալը. «Մենք կշարունակենք հետեւել Տիգրան Ուրիխանյանի գործողություներին եւ քայլերին, անհրաժեշտ պահին վստահ եղեք, որ ԲՀԿ-ն Ուրիխանյանի մասով կուսակցության կանոնադրությանն ու օրենքներին համապատասխան իր որոշումը կկայացնի»:

Նշենք, որ ԲՀԿ նախկին խոսնակը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ հայտ է ուղարկված Պաշտպանության նախարարության համապատասխան վարչություն Մարզահամերգային համալիրի դահլիճը մայիսի 2-ին վարձակալելու խնդրանքով «Քաղաքացիական շտաբի» հիմնադիր համագումարի անցկացման համար: Իսկ ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը չէր մասնակցել ԲՀԿ խմբակցության նիստին, որտեղ ընտրել էին ղեկավար եւ քարտուղար, դրանից առաջ էլ նա չէր մասնակցել ԲՀԿ-ականների խնջույքին: Նա նշել էր, որ նիստին չի մասնակցել նպատակահարմարությունից ելնելով, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կիրակի օրը տեղի ունեցած խնջույին չմասնակցնելուն, պատգամավորն ասաց, որ  դա քաղաքական միջոցառում չէ, հետեւաբար դրա հետ կապված հարցը տեղին չէ, արդիական չէ եւ որեւէ մեկին վերաբերող չէ: