Ստամբուլի հայկական «Նոր Զարթոնք» շարժման անդամները քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայկական հայտարարությունը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Demokrathaber կայքը, «Նոր Զարթոնք» շարժման անդամներ Ֆիլոր Ուլուքը, Մուրադ Մըհչն եւ Դիրեն Շենը հայտարարել են, թե Թուրքիայի նախագահի վերջին հայտարարության մեջ որեւէ կառուցողական արտահայտություն չկար։

Ըստ Ֆիլոր Ուլուքի՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ արխիվները բաց են, իսկ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ ժխտողական քաղաքականության մեջ Թուրքիան սննկացման եզրին է հասել եւ միջազգային հանրության մոտ որեւէ հավատ չի ներշնչում։

«Էրդողանը աշխարհի 4 կողմերում ցրված Հայկական սփյուռքին մեղադրում է լոբբինգի եւ նույնիսկ «անբարոյականության» մեջ՝ պնդելով, թե դրանք անարդյունք են, սակայն հենց որեւէ խորհրդարանում 1915-ի հետ կապված բանաձեւ է հայտնվում, Թուրքիայի ԱԳՆ-ը արագ սկսում է ժխտողական քաղաքականության շարժվել»,-ասել է Ֆիլոր Ուլուքը։

Իսկ Մուրադ Մըհչըն շեշտել է, թե Էրդողանի այն պահանջին, թե հայերը պետք է փաստաթուղթ ցույց տան ցեղասպանության մասին՝ նշել է, թե աշխարհում ցրված ցանկացած հայ հենց այդ փաստաթուղթն է։

Փաստաբան Դիրեն Շենը պնդել է, թե Էրդողանի խոսքերը անհանգստության եւ վախի խոսքեր էին, դրանք առերեսումից փախչելու խոսքեր էին։

Նշենք, որ Էրդողանը հայտարարել էր, թե Անատոլիայում (Արեւմտյան Հայաստան-խմբ) հայերից վնասներ կրած հարյուրհազարավոր մարդիկ կան։  Էրդողանի խոսքով՝ եթե ուսումնասիրվի թուրքերի վերապրած ցավերը վերջին 100-150 տարում, ապա այն հայերի «պնդումների» թվերից մի քանի անգամ ավելին է լինելու։