Գյումրիում խորթ հորը՝ ազգությամբ քուրդ, Թուրքիայի քաղաքացի Էվիլիա Գյուլիշթեքինի սպանության համար մեղադրվող, ազգությամբ եզդի 24-ամյա Մաքսիմ Բաքոյանի գործով տուժողի իրավահաջորդ, սպանվածի եղբայր Ջենգիզ Չալին հրաժարվում է մասնակցել դատական նիստերին: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սուսաննա Մխիթարյանը, որը դեռեւս փետրվարի 10-ին կայացած դատական նիստին էր հրաժարվել մասնակցել դատավարության ընթացքին:

«Տուժողը չի ցանկանում ձեւականորեն մասնակցել դատավարությանը, քանի որ կարծում է, որ իր իրավունքները ոտնահարվում են, լոկ ֆիզիկական ներկայությունն ապահովելու համար էլ չի ցանկանում մասնակցել դատերին: Ինքը դիմում է գրել դատավորին եւ հայտնել, որ նիստերին չի ներկայանալու: Բացի դրանից՝ Ջենգիզ Ջալին լեզուն չգիտի, ոչինչ չի հասկանում, իսկ դատարանի տրամադրած թարգմանչուհին էլ չի կարողանում նորմալ թարգմանել»,- ասաց Սուսաննա Մխիթարյանը՝ նշելով, որ տուժող կողմն առ այսօր փաստաբան էլ չունի:

Նշենք, որ այս գործով դատավորը Մարտին Սարոյանն էր, որի լիազորությունները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին դադարեցրել է:

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: 2014թ. մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել: Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։