Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատաձեռագրաբանական եւ դատաքիմիական փորձաքննությունների պատասխանները ստացվել են: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրյալ, ինստիտուտի պետի արդեն նախկին տեղակալի որդու՝ Գնել Թեւոսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

«Փորձաքննությունների եզրակացությունների մասին խոսել չեմ կարող, քանի որ նախաքննություն է ընթանում: Նոր փորձաքննություններ էլ են նշանակվել, չի բացառվում, որ դատահոգեբուժական փորձաքննություն նույնպես առաջիկայում նշանակվի»,- ասաց փաստաբանը:

Նա հայտնեց, որ իր գործով քննիչը դիմել է դատարան՝ երկարաձգելու Գնել Թեւոսյանի կալանքի ժամկետը:

«Նիստը նշանակվել է մարտի 25-ին: Կարծում եմ՝ դատարանը եւս երկու ամսով կերկարաձգի պաշտպանյալիս կալանքի ժամկետը»,- նշեց Արա Զաքարյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Նույն դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակում  փետրվարի 16-ին կալանավորվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը: