Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողներից երկուսը, որոնք մարտի 20-ին տեղափոխվել են Երեւան, դեռեւս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին  NEWS.am-ին ասաց Հայաստանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա հայտնեց, որ զինծառայողների վիճակը ծանր է, սակայն դրական դինամիկա կա:

Նշենք, որ զինծառայողներից Էդգար Մարտիրոսյանը որովայնի թափանցիկ հրազենային վիրավորում ունի հաստ եւ բարակ աղիների վնասումով, իսկ սպա Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա եւ բազմաթիվ բեկորային վիրավորումներ:

Ինչ վերաբերվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինծառայողներին, ապա Արամ Ասատուրյանի խոսքով՝ Գոռ Դարմանյանի մոտ առկա աննշան դրական դինամիկա:

«Գլխի շրջանում վիրավորում ստացած Սամվել Հակոբյանի վիճակը ծայրահեղ ծանր է»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: