ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում Գորիսի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարել են ճանապարհի երթեւեկելի մասի լայնացման աշխատանքներ:
Այն այժմ երթեւեկելի է նաեւ ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար:
Հաշվի առնելով ժայռաբեկորների խոշոր չափերը` այդ հատվածում անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո ճանապարն ամբողջությամբ կմաքրվի քարաբեկորներից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 22-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել խոշոր քարաթափում:
Շուրջ 300 խմ ծավալով քարաբեկորները փակել են ճանապարհի երթեւեկելի մասի հիմնական հատվածը: Այն բաց է միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Ճանապարհը դարձել էր միակողմանի երթեւեկելի մարդատար ավտոմեքենաների համար:





























