Մարտի 19-ին նորվեգական «Վերդենս գանգ» («VG») թերթում հրապարակվել է հայտնի վերլուծաբան Բրունյար Շերլիի «Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունը  նորվեգական քաղաքական գործիչների համար դժվարություններ է ստեղծել» վերտառությամբ հոդվածը, ուր ներկայացվում են նորվեգացի քաղաքական գործիչների քննադատական խոսքերն` ուղղված Նորվեգիայի կառավարությանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին չմասնակցելու կապակցությամբ: Ստորեւ ներկայացվում է հոդվածի հայերեն թարգմանությունը: 

«Մի քանի նորվեգական քաղաքական գործիչներ համարում են, որ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ցանկանում են, որ կառավարությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին դեսպանի փոխարեն ուղարկի քաղաքական գործչի: 2015թ. ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչի առիթով տարբեր պետությունների ղեկավարներ հրավիրվել են Հայաստան՝ մասնակցելու հիշատակի միջոցառումներին:

Հրավիրվածների թվում էր նաեւ Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը, ով, սակայն, մերժել է հրավերը: Ի լրումն, կառավարության որեւէ այլ ներկայացուցիչ չի մասնակցի արարողությանը:

Կառավարության նման որոշումը արժանացել է քաղաքական կուսակցությունների սուր քննադատությանը: Մասնավորապես, Սոցիալիստական ձախակողմյան կուսակցության առաջնորդ Բորդ Վեգար Սոլյելը Նորվեգիայի արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքների խախտումներին տարբեր կերպ արձագանքելու միտում է տեսնում, երբ դրանք կապված են Սաուդյան Արաբիայի, Չինաստանի եւ Թուրքիայի հետ:

Ռեբեկկա Բորշը՝ Լիբերալ կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակը, կարծում է, որ Հայոց ցեղասպանությանը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրերն իրենց անուններով չեն կոչվում: Նորվեգիայի կառավարությունը, սակայն, չի ընդունում, որ իրենք բավարար ուշադրություն չեն դարձնում մարդու իրավունքների խախտումներին եւ անդրադառնում են դրանց՝ կախված կոնկրետ երկրից:

Խորհրդարանի որոշ անդամներ մատնանշում են հիշատակի միջոցառումներին մասնակցելու կարեւորությունը: Արդարադատության հանձնաժողովի փոխնախագահ Շիլ Ինգոլֆ Ռոփշտադը գտնում է, որ Նորվեգիան պետք է ներկայացվի կա՛մ վարչապետի, կա՛մ առնվազն կառավարության որեւէ այլ անդամի կողմից: Ռեբեկկա Բորշը նույնպես կարծում է, որ կառավարության որեւէ ներկայացւոցիչ պետք է մասնակցի միջոցառումներին, քանի որ սա Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Սոլյելն ընդգծում է, որ Հայաստանը կգնահատի Նորվեգիայի՝ կառավարական որեւէ մակարդակով ներկայացված լինելու հանգամանքը:

Սոլյելը նաեւ կարծում է, որ կառավարության կողմից պետք է խումբ ստեղծվի, որը մասնագիտորեն կգնահատի իրավիճակը: Ռոփշտադը կարծում է, որ 1915թ. իրադարձությունները պետք է ճանաչվեն որպես ցեղասպանություն միջազգային հանրության, ինչպես նաեւ Նորվեգիայի կառավարության կողմից:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Գլադ Փեդերսենը նշում է, որ այստեղ կարեւոր հանգամանքը Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցումն է:

Շիլ Ինգոլֆ Ռոփշտադը կարծում է, որ եթե կառավարությունը ցանկանում է հաշտեցում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ապա շատ տարօրինակ մեթոդ է ընտրել, քանի որ նա, ով չգիտի պատմությունը, դատապարտված է այն կրկնելու:

Շիլ Ինգոլֆ Ռոփշտադը գտնում է, որ ճանաչումը բոլոր կողմերի համար էլ առաջընթաց կլինի. Թուրքիան կկարողանա վերականգնվել ազգային տրավմայից, իսկ հայերը երկարատեւ 100 տարիներից հետո կհասնեն միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանը: Ռեբեկկա Բորշը կարծում է, որ Թուրքիան բանտարկված է սեփական պատմության կեղծման մեջ եւ առաջ շարժվելու համար պետք է իր պատմության հետ դեմ առ դեմ կանգնի` նշելով, թե որտեղ կլիներ Գերմանիան այսօր, եթե դա չաներ»: