Շիրակի մարզում մարտի 23-ին մահացած հայտնաբերված նորածնի մայրը պնդում է, որ երեխան մահացած է ծնվել, ինքը նրա մահվան հետ կապ չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեծ Սարիարի գյուղապետ Բաբիկ Ավետիսյանը՝ անդրադառնալով կատարվածի առնչությամբ սպանության հոդվածով քրեական գործ հարուցելուն։
«Ես գնացի Շիրակի մարզպետարան, աշխատակազմի քարտուղարը տեղեկացրեց դեպքի մասին, եկա գյուղ, տեսանք, որ երեխան մահացած է, կանչեցինք ոստիկանություն: Հիմա սպանել են, թե մահացել է երեխան, չգիտենք, ոստիկանները կպարզեն, բայց երեխայի մայրը՝ Իրինան, ասում է, որ երեխան մահացած է ծնվել»,- ասաց գյուղապետը։
Նրա խոսքով՝ Իրինան ազգությամբ ասորի է, ծննդաբերել էր 5-րդ երեխային տան պայմաններում, ինչպես մյուս չորսին։ Նրա ընտանիքը սոցիալապես անապահով է, ամուսինը հովիվ է, նրանց մշտապես օգնել են մարզպետարանն ու գյուղապետարանը:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը։





























