Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ 2013թ. ապրիլին սպանված 19-ամյա Տիգրան Հայրապետյանի հայրն արդարացի է համարում առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը, որով 17-ամյա Հայկ Աղամալյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Տիգրանի հայրը՝ տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանը՝ նշելով, որ վերաքննիչ բողոքն անիմաստ է։
«Երբ ամբաստանյալը գործով որպես կասկածյալ է ներգրավվել, նկարագրել է հարվածի պահը եւ կատարվածն այնպես, ինչպես գործով ներգրավված մյուս կասկածյալները եւ խոստովանել է , որ ինքն է հարվածել։ Սակայն նրա պաշտպանի փոխվելուց հետո նա սկսում է հերքել, որ ինքն է դանակով խփել, չնայած գործով բոլոր վկաների ցուցմունքներն իր դեմ են։ Սակայն սա անտրամաբանական է եւ պատժից խուսափելու փորձ»,-ասաց Պատվական Հայրապետյանը։
Տուժողի իրավահաջորդը նշեց, որ գործով բոլոր վկաները ցուցմունք են տվել, որ Տիգրանին դանակով խփել է ակնոցով տղան, որը մինչեւ հարվածելը գոռացել է. «Ո՞վ է խփել իմ ընկերոջը»։
«Բոլորն ասել են, որ ակնոցով տղան Հայկն է եղել, որի ձեռքին դանակ է եղել, եւ միայն նա է գոռացել, թե ով է խփել իմ ընկերոջը։ Բացի այդ՝ վկաները նաեւ պատմել են, որ ինչ-որ մեկը գոռացել է՝ Հայկո, ի՞նչ արեցիր, գալու ենք Կոմիտասը տրաքացնենք։ Այսքանից հետո անիմաստ եմ համարում փաստաբանի բերած նոր հանգամանքների քննությունը եւ դատարանից խնդրում եմ անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը»,-ասաց Պատվական Հայրապետյանը։
Այսօր դատական նիստը հետաձգվեց, մեկ այլ դատական նիստով դատավորների ծանրաբեռնվածության պատճառով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 15-ին։
Նշենք, որ նոյեմբերի 25-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 17-ամյա Հայկը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը Տերյան փող. 72շ. հարեւանությամբ մի խումբ անձանց հետ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին եւ նրան ապօրինաբար զրկել կյանքից:





























