Մինչեւ վերջերս համարվում էր, որ բնավորության որոշ թերություններ կարելի է շտկել մանկավարժական մեթոդներով եւ հոգեբանական թրեյնինգներով: Սակայն գիտնականները պարզել են, որ դատապարտելի որոշ հատկություններ կարելի է բուժել դեղորայքի միջոցով:
Սան Ֆրանցիսկոյից գիտնականների խումբը Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց հետեւելու ընթացքում պարզել է, որ հիվանդների ընդունած հաբերը նրանց ավելի առատաձեռն եւ բարեսիրտ են դարձնում: Պարզվում է՝ պատճառը «Տոլկապոն» դեղամիջոցն է:
Իրենց ենթադրությունը հաստատելու համար գիտնականները 35 կամավորի մասնակցությամբ գիտափորձ են անցկացրել: Նրանց երկու խմբի են բաժանել: Առաջին խմբի մասնակիցներին «Տոլկապոն» դեղամիջոց են տվել, իսկ երկրորդին՝ պլացեբո:
Որոշ ժամանակ անց մասնակիցներին առաջարկել են պարզ խաղ խաղալ, որի ընթացքում նրանք պետք է բաժանեին իրենց դրամը: Արդյունքում գիտնականները նկատել են, որ «Տոլկապոն» ընդունածներն իրենց գումարն ավելի մեծ ուրախությամբ են կիսում, ընդ որում, շարժառիթներն ավելի արդար են:
Ըստ Planet-today-ի, դեղամիջոցի նոր հնարավորությունների բացահայտումը կարող է հոգեկան խանգարումների բուժման միջոց դառնալ:




























