Մենք պահանջում ենք Եվրոպական Միությունից ճնշել Թուրքիային, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ նախաձեռնի քայլեր՝ բոլոր նյութական եւ ոչ նյութական կորուստների փոխհատուցման եւ հայ ազգի պատմական իրավունքների վերականգնման ուղղությամբ: Այս մասին հայտարարություն են տարածել ՀՅԴ Երիտասարդական եւ ուսանողական միությունները:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«2015 թվականի ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օր, արդեն 100-րդ տարին է, որ  մենք որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ հանուն մեկ եւ կես միլիոն անմեղ զոհերի, կանգնած ենք մարդկության հանդեպ կատարված հանցագործության միջազգային ճանաչման եւ պատմական արդարության վերականգնման գործընթացի առջեւ:

Թուրքիայի Հանրապետությունը մինչ օրս օգտվում է այն առավելությունից, որը քաղել է մի հանցագործությունից, ինչը իրականացվել է իրենց նախնիների կողմից: Դեռ ավելին Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը՝ ժխտելով ցեղասպանության փաստը եւ իրականացնելով համաշխարհային քարոզչություն՝ աղավաղելու պատմական իրողությունը:

Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ Անկարան գերազանցել է լոբբիստական խմբերի ձեւավորման եւ քաղաքական շանտաժի իրականացման գործը:

Որպես հայ երիտասարդներ ողջունում եւ աջակցում ենք Եվրոպական խորհրդարանի վերջին  կոչը՝ Եվրամիության անդամ երկրներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Մենք ընդունում ենք վերոնշյալ դիրքորոշումը, որպես Եվրոպական խորհրդարանի 1987թ-ի որոշման կրկնություն, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ հաստատում է. «Հայկական հարցը եւ Թուրքիայի տարածքում ապրող այլ ազգային փոքրամասնությունների ազգային հարցերը պետք է լուծվեն Թուրքիայի եւ տվյալ համայնքների միջեւ հարաբերությունների շրջանակներում»:

Մենք կոչ ենք անում Եվրոմիության ղեկավարությանը, մասնավորապես, Եվրոպական խորհուրդին, Եվրոմիության խորհուրդին եւ Եվրոպական հանձնաժողովին պահպանել Եվրոպական խորհրդի կողմից սահմանված բարոյական չափանիշը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ:

Մենք հորդորում ենք Եվրոմիության ղեկավարությանը խրախուսել իր անդամ պետություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ քրեական պատասխանատվության ենթարկելու մերժողներին:

Մենք պահանջում ենք Եվրոպական Միությունից ճնշել Թուրքիային, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ նախաձեռնի քայլեր՝ բոլոր նյութական եւ ոչ նյութական կորուստների փոխհատուցման եւ հայ ազգի պատմական իրավունքների վերականգնման ուղղությամբ:

Մենք հարգում ենք Եվրամիության այն դիրքորոշումը, որով Թուրքիան Եվրոմիության անդամ կարող է դառնալ, միայն նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, արդարության հաստատման եւ հայ ազգի պատմական իրավունքների վերականգնման դեպքում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվա նախաշեմին, մենք՝ որպես վերապրածների սերունդներ, հայտարարում ենք, որ վճռական ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եւ հայ ազգի անժամանցելի իրավունքների համար մղվող արդար գործում: