«Հայաստանի նախագահը դասեր չի քաղում հայ ժողովրդի պատմությունից»,- «Diario Armenia» թերթին տված իր հարցազրույցում հայտարարել է Արգենտինայում բնակվող հայ իրավաբան Պասկուալ Օհանյանը, ով իրեն կոչումով պատմաբան է համարում եւ «Թուրքիա՝ ցեղասպանության երկիր» հնգհատորյակի հեղինակն է: 77-ամյա իրավաբանը պատրաստվում է նաեւ վեցերորդ հատորի հրատարակմանը՝ նվիրված 1920 թվականին։ Օհանյանը իր դատողություններում կոչ է անում չվստահել ո’չ Արեւմուտքին, ո’չ Ռուսաստանին, քանի որ նրանք իրենց սեփական շահերն են հետապնդում։ Ընդգծելով Հայաստանի աշխարհագրական բարդ դիրքը, նա առաջարկում է լուծումը փնտրել Իրանի հետ հարաբերություններում, որը թույլ կտա աշխարհի հետ կապը պահպանել Պարսից ծոցի վրայով:
Նույն աղբյուրը գրել է նաեւ, որ Արգենտինայի սփյուռքահայությունը օգոստոսի 10-11-ին մասնակցել է «Բուենոս Այրես» միջոցառմանը, որը կազմակերպվել էր քաղաքի պատմական եւ մշակութային ժառանգությունը պաշտպանող հանձնաժողովի, պատմական ինստիտուտի եւ հայկական մշակութային ընկերակցության կողմից։
Օրերս Հարավային Ամերիկայի Հայկական Ազգային Խորհրդին՝ Խորխե Դոլմաջյանին, Ալֆոնսո Տաբակյանին եւ էդուարդո Կոզանլյանին Բուենոս-Այրեսում ընդունել է Արգենտինայում Իսրայելի դեսպան Դանիել Գասիտը։
Հանդիպման ընթացքում, որը կայացել է Հայկական Ազգային Խորհրդի նախաձեռնությամբ, կողմերը քննարկել են Կովկասում ստեղծված իրավիճակը եւ ԼՂՀ անկախացման խնդիրը։ Խորհրդի ներկայացուցիչներն իրենց վրդովմունքն են հայտնել, որ կովկասյան տարածաշրջանում չգտնվող պետությունները փորձում են ճնշում գործադրել Հայաստանի վրա` դրանով էլ ավելի խճճելով ԼՂ հարցում ստեղծված իրավիճակը: Դրանից զատ, Խորհրդի ներկայացուցիչները իրենց զայրույթն են արտահայտել հայոց ցեղասպանության վերաբերյալ Տել-Ավիվի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ: Իսրայելի դեսպանի զրուցակիցները ընդգծել են, որ այդ փաստը ցավալի է նաեւ այն պատճառով, որ Իսրայելն ինքը համարվում է Հոլոքոստի զոհ երկիր։ Գասիտը բոլոր հարցերին պատասխանել է դիվանագետի հմտությամբ:
«Ասպարեզ» թերթը հայտնում է, որ Հարավային Ամերիկայի տարածաշրջանային կոմիտեի Հայ օգնության միության նորընտրյալ անդամները անցյալ շաբաթ հանդիպել են ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի հետ: Հայ օգնության միության պատվիրակությունը գլխավորող Սոսի Փոլադյանը իր գոհունակությունն է արտահայտել, որ ՀՀ հյուպատոսարանը տեղափոխվել է Գլենդեյլ եւ շատ մոտ է Հայ օգնության միության շտաբին, ինչը թույլ կտա միմյանց հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատել եւ տարբեր հարցեր քննարկել:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ ԱՄՆ Կոլորադոյի նահանգապետ Բիլ Ռիտերը օգոստոսի 5-ին հայտարարել է հայերի ցեղասպանության իրազեկման մասին: Նահանգապետի կողմից այդ որոշումն ընդունվել է Colorado Coalition for Genocide Awareness and Action CCGAA կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո,որոնք ԱՄՆ-ի քաղաքացիներին տեղեկացնում են Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին։ Ռիտերը նշել է, որ 20 –րդ դարում հայկական ցեղասպանությունը առաջինն էր, որին զոհ գնացին ավելի քան մեկ միլիոն հայեր:
«Հայաստանի կառավարությունը իրավունք չունի ինքնուրույն որոշել հայկական ցեղասպանության խնդիրը, դա ամբողջ հայության խնդիրն է»,-"Ազդակ"-ին տված հարցազրույցում հայտարարել է USC College of Letters, Arts and Sciences քոլեջների դասախոս, ամերիկյան քաղաքագիտության պրոֆեսոր եւ Մերձավոր Արեւելքի, ինչպես նաեւ Իրաքի եւ Աֆղանստանի հարցերով փորձագետ Հրայր Դեկմեջյանը։ Դեկմեջյանի կարծիքով, սկսած 1965 թվականից՝ հայոց ցեղասպանության հարցը աստիճանաբար անցել է այլ հարթություն եւ սկսել է դիտվել որպես համաշխարհային հասարակության օրակարգի խնդիր: Պրոֆեսորը խոսել է այն մասին, որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր յուրահատկությունները, բայց Երեւանը պետք է ուշադրություն դարձնի համայնքի դիրքորոշումներին եւ իր գործողությունները համակարգի նրա հետ։ Դեկմեջյանը ընդգծել է, որ ցեղասպանության ժամանակներից հետո Թուրքիայի հասարակությունը քեմալիզմի շրջանում իր ցածր մակարդակից առաջընթաց է ապրել։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Խոսակցության ընթացքում Վեհափառն ընդգծել է, որ չնայած տարբեր կուսակցություններ ներկայացնող հայ պատգամավորների անհամաձայնությանը, սփյուռքահայությունը այդ ամենից վեր է եւ միշտ կլինի Լիբանանի հետ` աջակցելով նախագահին եւ պետությանը: Միշել Սուլեյմանն իր հերթին Արամ Առաջինին տեղեկացրել է կառավարության գործունեության ծրագրերի մասին՝ քննարկելով նրա հետ լիբանանյան կյանքի մի քանի ոլորտները: Թերթը տեղեկացնում է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի քրդական «Հեռուստաալիք 7»-ին տված հարցազրույցի մասին, որտեղ վերջինս հայտարարել է, թե ռուս-թուրքական հարաբերությունների լավացումը դրական ազդեցություն կունենա ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում: Դավութօղլուն հայտարարել է նաեւ, որ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները հեռանկարային են, եւ որ Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մնում է անփոփոխ:
«Այդ պատճառով էլ Թուրքիայի եւ Հայաստանի երկկողմ հանդիպումները կշարունակվեն»,-հայտարարել է ԱԳ նախարարը:
«Antelias» լրատվական գործակալությունը հայտնել է Լիբանանի Բիկֆա քաղաքում տեղի ունեցած սեմինարի մասին, որի ծրագրում ներառված են եղել Աստվածաշնչի, Հայոց եկեղեցու եւ նրա ավանդույթների, պատմության ուսումնասիրումը: Սեմինարին մասնակցել են 80-ից ավելի կիրակնօրյա դպրոցների, երիտասարդական շարժման եւ Կիլիլիո կաթողիկոսարանի անձնակազմի ներկայացուցիչներ: Ամեն օրվա վերջում Լիբանանի,Սիրիայի, Հունաստանի,Պարսկաստանի եկեղեցիների ներկայացուցիչները կիսվում էին իրենց տպավորություններով եւ փորձով: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ընդգծել է, որ սեմինարի նպատակը ոչ միայն տեղեկատվություն ստանալն է, այլեւ այդտեղ շփվել, փորձով կիսվել սովորելը, լսելու ունակություն ձեռք բերելը:
Հայերի ցեղասպանությունը կարող է ընդգրկվել Կալիֆորնիայի կրթական համակարգի մեջ: Կալիֆորնիայի կառավարությունում նեկայացվել է մի օրինագիծ, որի համաձայն պատմության եւ հասարակական գիտության կրթական համակարգում 1915 թվականի հայոց ցեղասպանությունը կդասվի Հոլոքոստի, Կամբոջայի ցեղասպանությունների հետ մի շարքում: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» թերթը: «Ցեղասպանության անհիմն մեղադրանքների դեմ պայքարող հիմնադրամի» նախագահի, Աթաթուքի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասախոս՝ Սավաշ Էգիլմեզի խոսքով, հայկական լոբբինգը ԱՄՆ-ում բավականին արագ է իրականացվում:
Թերթը հայտնում է նաեւ, որ թուրքական իշխանությունները արգելել են մահացած հայ երգիչ Արամ Տիգրանիի ընտանիքին՝ թաղել երգչին իր սիրելի Դիարբեքիր քաղաքում: Երգիչը ծնվել էր 1934 թվականին՝ Սիրիայի Քամիշլի քաղաքում, որտեղ իր ընտանիքը տեղափոխվել էր 1915 թվականին` փրկվելով ցեղասպանությունից: Ըստ «Haberler» լրատվական կայքի, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը խիստ քննադատել է Թուրքիայի կառավարությանը, որը թույլ չի տվել Արամ Տիգրանիին թաղել Դիարբեքիրում, որտեղ նույնիսկ գերեզման են փորվել՝ հուսալով, որ թուրքական իշխանությունները ի վերջո կհամաձայնեն: Բայդեմիրը հայտարարել է, որ բոլորի թույլտվությամբ նա Դիարբեքիրի գերեզմանոցից հող կտանի Արամ Տիգրանիի շիրիմի համար:
Սեպտեմբերի 10-ին Ստամբուլի Ժամանակակից արվեստների թանգարանում կկայանա հայտնի հայ նկարիչ-կոնցեպտուալիստ Սարգիս Զաբունյանի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը։ Սարգիս Զաբունյանը ծնվել է 1938 թվականին՝ Ստամբուլում։ Հետագայում նա տեղափոխվել է Հունաստան, որտեղ աշխատում է մինչ օրս։ 1967 թվականին «Prix de la Peinture a la Biennale de Paris»-ի ցուցահանդեսում, որն ի դեպ անցկացվում է երկու տարին մեկ անգամ, նա արժանացել է մրցանակի։
Ստամբուլյան ցուցահանդեսը ընդգրկում է 70-ամյա նկարչի կեսդարյա գործունեության բոլոր փուլերը։
«Երկրամաս» պարբերականի հաղորդմամբ, սեպտեմբերի 15-ին Կրասնոդարում կայանցել է հայկական ժողովրդական եւ ռազմահայրենասիրական երգերի փառատոն, որը համընկնում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության անկախության օրերի հետ։ Հավաքվածների առջեւ ելույթ է ունեցել Մկրտիչ Մկրտչյանը։ Նա հիմնականում երգում է ժողովրդական եւ հայրենասիրական երգեր, իսկ արտաքնապես նման է Մեծն Կոմիտասին։ Նա, ինչպես եւ Կոմիտասը, շատ հոգատարությամբ է մոտենում յուրաքանչյուր երգին, մաքրում է դրանք օտար ձայնաշերտերից, հղկում՝ դարձնելով այն ծիածանի բոլոր գույներն իր մեջ կրող ադամանդ։ Մկրտչյանին լսելիս սկսում ես ավելի լավ զգալ քո պատմությունը, հպարտանալ անցյալով եւ ներկայով։ Ի դեպ, ղարաբաղյան շարժման տարիներին Մկրտչյանը կամավոր մեկնել է ճակատ եւ ընդգրկվել Գետաշենի ֆիդայական ջոկատում։




























