Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այսօր փաստացի գոյություն ունեցող սահմանը անօրինական է. այն պետք է վերանայվի, եւ մենք վիճարկելու ենք դա։ Այս մասին ապրիլի 2-ին «Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի տարածքի բռնազավթումն ու հայ ազգին հայրենիքից զրկելը դատապարտելը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը անկախացել է, սակայն քառորդ դարի ընթացքում իրենից զավթած տարածքները հետ վերադարձնելու ոչ մի պահանջ չի ներկայացրել։ «Մեզ համար առաջնայինը Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքների բռնազավթումը դատապարտող օրենքի ընդունումն է։ Այո, մենք պահանջում ենք եւ հետեւողական ենք։ Մենք պետք է պատրաստ լինենք նաեւ այսօր գոյություն ունեցող քարտեզի ձեւափոխմանը։»,- ընդգծել է Փոստանջյանը։ Այդ նպատակին հասնելու գործիքներից մեկը պիտի լինի Հայաստանի նոր ռազմավարական կոնցեպցիայի ընդունումը. «Մենք պետք է դնենք ոչ միայն Հայոց  ցեղասպանության ճանաչման, այլ նաեւ մեր տարածքների վերադարձի հարցը»,- հավելեց Փոստանջյանը։