Հայաստանը տարածքային ամբողջականության վերականգման խնդիր ունի։ Այս մասին ապրիլի 2-ին «Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի հայրենազրկումը դատապարտումը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդն է եւ ժառանգել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավական ակտով նախատեսված տարածքները։ Պապյանի կարծիքով՝ այս հարցով օրինագծի ընդունումը նվազագույն քայլն է։ «Ներկայումս դրված է Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման հարցը։ Եթե Հայաստանը չվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, մենք ապագա չունենք։ Ես մեր խորհրդարանին կոչ եմ անում օրենքով ամրագրել, որ մենք հարեւան պետության կողմից բռնազավթած տարածքներ ունենք»,- հավելեց Արա Պապյանը։





























