Peugeot ընկերությունը ներկայացրել է Boxer հայեցակարգային ֆուրգոնը, որը կարող է վերածվել ֆուդ-թրաքի՝ փողոցային սրճարանի: Բեռնատարը ներկայացվել է ապրիլի 2-ին Փարիզի Կառո-դյու-Տամպլ շուկայում:

Ֆուրգոնը բացվելով վերածվում է խոհանոցի, իսկ կցասայլը՝ սրճարանի: Խոհանոցը կահավորված է սրճարանին անհրաժեշտ ամբողջ տեխնիկայով, գրում է Motor-ը:

Բացի դրանից սրճարանի սեղանին կարելի է տեղավորել երաժշտական սարքավորումներ, օրինակ՝ դիջեյի ստեղնաշար: Մեքենայի հետ տրամադրվում են նաեւ մեծ բարձրախոսներ եւ էկրան, որի պատկերը կառավարվում է խոհանոցից:

Մինչեւ ապրիլի կես ֆուդ-թրաքը կաշխատի Փարիզում, որից հետո կտեղափոխվի Միլան՝ Դիզայնի շաբաթվա շրջանակում ցուցադրվելու համար, ապա՝ միլանյան մեկ այլ ցուցահանդես, որտեղ վեց ամիս շարունակ մեքենայից սնունդ կվաճառվի: