Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանի վիճակն արդեն լավ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ստեփանակերտի հոսպիտալից:
Նրանց փոխանցմամբ՝ Գոռի վիճակը կայունացել է, թեեւ դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է:
Նշենք, որ ապրիլի 2-ից անջատել են արհեստական շնչառության ապարատը: Առաջիկա շաբաթ կքննարկվի Գոռին Երեւան տեղափոխելու հարցը:
Հիշեցնենք, որ Գոռ Դարմանյանի մոտ առկա է ոտքի ամպուտացիա:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է:





























