Մայիսի 27-ին Փարիզում Հայոց ցեղասպանության թեմայով սեմինար է անցկացվելու, որը նախաձեռնել է Եվրոպական հասարակական հակառասիստական շարժումը (EGAM): Ֆրանսիական Իլ դը Ֆրանս շրջանի (որը ներառում է Փարիզն ու մերձակայքը) պաշտոնական կայքի փոխանցմամբ, սեմինարն անցկացվելու է շրջանի վարչակազմի շենքում:

«Հայոց ցեսպանության 100-րդ տարելիցին մեր շրջանը հայերի հետ է եւ սատարում է նրանց»,- ասված է հաղորդագրությունում:

Սեմինարի ընթացքում նախատեսվում են ելույթներ Հայոց ցեղասպանության եւ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին: Դրանից հետո սեմինարի մասնակիցները կայցելեն Փարիզում Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձան:

Նույն օրվա երեկոյան Փարիզի կինոթատրոններից մեկում Հայոց ցեղասպանության եւ հայկական մշակույթի մասին կարճամետրաժ ֆիլմեր են ցուցադրվելու: Դրանք Արդեն ներկայացվել են «Europe autour de l’Europe» («Եվրոպան՝ Եվրոպայի շուրջ») ամենամյա փառատոնի ժամանակ: Ֆիլմերի ցուցադրությունից հետո քննարկում կանցկացվի Իլ դը Ֆրանսի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, այդ թվում՝ հայկական եւ թուրքական: