Անվճար հակավիրուսային ծրագրերն այլեւս այնպիսի պաշտպանություն չեն ապահովում, որը հնարավոր կլիներ ժամանակակից անվանել: Երեւանում անցկացված ռուսական ՏՏ ձեռնարկությունների արտագնա սեմինարի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ռուսաստանում «Symantec»-ի ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Վիշլովը:
Նրա խոսքով, խոսքը նույնիսկ ոչ թե չարտոնագրված, այլ օրինական անվճար ծրագրերի մասին է: Ավանդական վճարովի հակավիրուսային ծրագրերը չեն վախենում նրանց հետ մրցակցությունից: Բանն այն է, որ վնասակար ծրագրային ապահովման հայտնաբերման համար նախատեսված տեխնոլոգիաները վաղուց արդեն դադարել են հայտնի վիրուսների կոդերի նման ծրագրային կոդեր հայտնաբերել:
«Այդ մեթոդը հնացել է: Հիմա «վնասատուների» մեծ մասը հայտնաբերվում է վարքագծային վերլուծության հիման վրա, երբ հակավիրուսը տեսնում է, որ ձեր համակարգն իրեն նախկինի պես չի պահում: Իսկ դրա համար հարկավոր է տվյալների մեծ ծավալ ունենալ, որպեսզի համեմատության բան լինի: Բնականաբար, անվճար հակավիրուսային ծրագրերը նման աջակցություն չեն ապահովում»,- նշեց Վիշլովը:
Բացառություն է խոշոր արտադրողների անվճար արտադրանքը, որը տրվում է մնացածի հետ միասին: «Ասենք՝ որոշ խոշոր ընկերություններ, պայմանականորեն ասած, ամեն ինչ են արտադրում, այդ թվում՝ հակավիրուս: Բայց փաստացի դա անվճար չէ: Դա վճարովի ծառայությունների համար տրվող անվճար բոնուս է»,- պարզաբանեց նա:
Հավելենք, որ Երեւանում անցկացված սեմինարի կազմակերպիչը Ռուսաստանի Համակարգչային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիան էր: Ռուսաստանցի գործընկերներին այստեղ աջակցում էր Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը (UITE):





























