«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչների շենքի շինարարությունը կվերսկսվի ապրիլի վերջին: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաբված բնակիչներից Հասմիկ Պողոսյանը:
«Մեզ կանչել են պայմանագրերը ստորագրելու համար, ասացին ամենուշը 9 ամսից շինարարությունը ավարտելու են: Ճիշտ է, մենք յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնում ենք 80 դոլար, տուժվում ենք, բայց սրան էլ ենք համաձայն, որովհետեւ էլ հույս չկա»,-ասաց Հասմիկ Պողոսյանը՝ նշելով, որ շենքի շինարարությանը աջակցելու է կառավարությունը:
Նշենք, որ ըստ ձեռք բերված համաձայնության՝ Դավթաշեն թաղամասի շենքի բնակիչները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնելու են 80 դոլար, իսկ Փափազյանի բնակիչները՝ 150 դոլար:
Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:





























