Հարյուրավոր տարիներ այս հողերի վրա ապրեցին… Սակայն այս պատմական ողբերգության հետ չբախվեցին: Իրենց լեզուն, կրոնը, ինքնությունը տարիներ շարունակ ստիպված եղան թաքցնել իրենց հարևաններից, նույնիսկ երեխաներից: Նրանք հայերն են, ովքեր այս հողերի հին ազգերից են…
Նախորդ մասերը կարող եք կարդալ. Մաս 1, մաս 2, մաս 3 եւ մաս 4
Ստեֆան Գեւեզ, 18 տարեկան
Հայրս ծագում է ասորական ընտանիքից, իսկ մայրս հայ է: Ծագումով Ադըյամանից եմ, բայց քանի որ հայրս ծնունդով Մարդինից է, անձնագրում Մարդին է գրված: Դեպի Մարդին գաղթի պատմությունները սոցիալական ճնշման ամենահիմնական օրինակներից մեկն է: Քանի որ գյուղերում ոչ մուսուլման ընտանիքների նկատմամբ հարձակումներ էին կազմակերպվում, պապիկս ու տատիկս Մարդին են գաղթում: Սակայն٫ անշուշտ, եղել են նաև բարեկամներ, որոնք նախընտրել են մնալ Ադըյամանում:
Ես ծնվել եմ Ստամբուլում: Սովորել եմ պետական դպրոցում: Որքան մայրս փորձել է ինձ հայկական դպրոցում գրանցել, հնարավոր չի եղել: Հնարավոր չի եղել, քանի որ օրենք կար, որ ծնողները պարտադիր պետք է հայ լինեին: Ո՛չ նախակրթարանում, ո՛չ լիցեյում շրջապատիցս չեմ թաքցրել, որ հայ եմ: Միայն դասարանում կազմակերպված քննարկման ժամանակ ուսուցչի հարցին, թե «ձեր կողակցի մեջ ի՞նչ առանձնահատկություններ եք փնտրում», ընկերս պատասխանեց, որ «Գյավուր չլինի, բավական է», եւ այս պատճառով որոշեցի իմ ինքնության մասին չխոսել: Մի քիչ ամաչեցի, քանի որ չէի կարող կռահել, թե իրենց արձագանքն ինչպիսին կլիներ:
Ասացին` «Իսլամի խոսքն ես ասելու»
10-րդ դասարանում մի ընկեր ունեի, որ խիստ խտրականություն էր դնում: Իրար մեջ խոսելով ասել էին` «Սա երեւի քրիստոնյա է», և խիստ կասկածելով, որ ես մուսուլման չեմ, մի քանի հոգի ինձ մոտ եկան և ցանկացան, որ իսլամի խոսքն ասեմ: Ես էլ բնականաբար ասացի` «ինչո՞ւ ասեմ, որ» և մերժեցի: Չի կարելի ասել, թե սրանից՝ բացի այլ դժվարություններ էլ եմ ունեցել: Մեր սերունդն այս իմաստով, անշուշտ, շատ ավելի հաջողակ է: Այն տարիներին, երբ մայրս էր նախակրթարանում սովորում, ձմռանը դպրոցներում վառարան էին վառում: Վառարանը փայտ գցող ուսուցիչն ասել է. «Տեսնո՞ւմ ես, թե այս վառարանի փայտերն ինչպես են վառվում: Դուք էլ ահա այսպես եք վառվելու»: Եթե ինձ նման բան ասեն, հավանաբար իրարանցում կբարձրացնեմ: Հիմա էլ պատմության դասագրքերում նման խտրականություն կարող ենք տեսնել: Պատմության ուսուցիչները բոլոր հայերին դավաճան են հայտարարում և կոտորածն էլ չեն ընդունում: Նման օրինակների պատճառով բազմիցս եմ ցանկացել հեռանալ երկրից: Սակայն սա նաև մեր հայրենիքն է: Նույնիսկ Անատոլիայի ամենահին ազգն ենք: Այդ պատճառով մտածում եմ` անհրաժեշտ է, որ մինչև մահ պայքարեմ նման խտրականություն դնողների դեմ:
Թող խտրականություն չդնեն պետության զավակների միջև
Ըստ իս` պետությունը նման է ծնողներին, իսկ ազգերը` երեխաներին: Եթե պետությունը գործի որպես երեխաների միջև խտրականություն չդնող իշխանություն, ազգերն էլ այդ կարգին կհամապատասխանեն: Գուցե երեխաներից ամեն մեկը ներքուստ ծնողի պես չմտածի, սակայն ստիպված կլինի համապատասխանել վերջինիս: Այսինքն` անհրաժեշտ է, որ նախ պետությունն առաջին քայլն անի, որ ազգն էլ հետևից կարողանա քայլել:





























