Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քուրթ Քլոսոնի ջանքերը, որը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման բանաձեւի նախագիծ է ներկայացրել։

Ինչպես գրում է The News-Press պարբերականը, հայ-ամերիկյան կազմակերպության ղեկավարը կոնգրեսականի նախաձեռնությունը «բարոյապես վիրավորական» է որակել, քանի որ նախագծում որեւէ հիշատակում չկա Հայոց ցեղասպանության մասին, որին զոհ է գնացել 1.5 մլն հայ։ Նրա խոսքով՝ Քլոսոնը աղավաղում է պատմությունը՝ հանելով անհարմար հատվածները, որոնց հետ նա չի ուզում գործ ունենալ։ «Այդ հարցը պետք է լուծվի։ Առաջ շարժվել նշանակում է ճշմարիտ եւ ազնիվ նայել անցյալին»,- նշել է Համբարյանը։

Ինքը՝ Քուրթ Քլոսոնը, ասել է, որ պարզապես ցանկացել է բարձրացնել ազգային անվտանգությունը՝ խնդրելով իր գործընկերներին հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացի իր բանաձեւում միանալ իրեն։ Բանաձեւի նախագծում նա կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայաստանի եւ Թուրքիայի օրենսդիրներից եւ կառավարական պաշտոնյաներից բաղկացած խումբ ստեղծել, որպեսզի նա աշխատի հայ-թուրքական հարաբերությունները առաջիկա 100 տարվա ընթացքում կառուցողական, արդարացի, կայուն եւ ամուր դարձնելու ուղղությամբ՝ ելնելով երկու երկրների ընդհանուր շահերից եւ տարածաշրջանում ԱՄՆ անվտանգության շահերից։

Քլոսոնին նման խորհուրդ էր տվել նախկին կոնգրեսական Քոննի Մաքը՝ հուշելով նրան նամակներ գրել իր գործընկերներին եւ խնդրել միանալ իր նախաձեռնությանը։ Մաքը նախկինում զբաղեցնում էր Քլոսոնի տեղը, իսկ այս պահին Թուրքիայի շահերը պաշտպանող թուրք-ամերիկյան «Զարգացման թուրքական ընկերության» համար լոբբիստական գործունեություն է ծավալում։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Վաշինգտոնում ներկայացվել էր մեկ այլ փաստաթուղթ՝ Հայոց ցեղասպանության նկատմամբ ճշմարտության եւ արդարության մասին բանաձեւի  նախագիծը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին աշխատել հայ-թուրքական ազնիվ, կառուցողական եւ ամուր հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ամբողջովին  ճանաչելու հիման վրա։