NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում թուրքական անգլալեզու «Today's Zaman» պարբերականում հրապարակված վերլուծաբան Յավուզ Բայդարի հոդվածը:

«Ահա եկավ ապրիլը՝ «ցեղասպանություն» բառի ժամանակը, բայց այս անգամ՝ հզոր կոչնակով: Ամոթի ամենամեծ գլուխներից մեկը, որն ուղիղ 100 տարի առաջ գրվել է այս տանջված հողերի ղեկավարության կողմից, ամբողջությամբ բաց է մնում՝ 100 տարի անց մեր աչքերի առջեւ բաց թողնելով հայերի սրտերի բոլոր վերքերը:

Հայկական մեծ ողբերգության 100-րդ տարելիցի մոտենալուն զուգընթաց, օսմանյան կայսրության կողմից դաժան ցեղասպանության ենթարկված հայերի ժառանգներն իրենց հարց են տալիս. արդյո՞ք Անկարան ցավակցություն կամ զղջում կհայտնի տեղի ունեցածի համար: Արդյո՞ք թուրքական կառավարությունը որոշակի պատասխանատվություն կընդունի 1915-1918 թվականներին մարդկության դեմ իրագործված հանցագործության եւ համակարգված, ագրեսիվ հերքման համար:

Թուրքիայում լռող մեծամասնությունը, թվում է, անտարբեր է տարելիցի հանդեպ: Սակայն Անկարայի համար ապրիլի 24-ը շարունակում է օրակարգում մնալ մի կարեւոր հարցով. արդյո՞ք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ կօգտագործի «ցեղասպանություն» բառը: Թվում է՝ ուրիշ ոչինչ նշանակություն չունի: «Իրական քաղաքականության» այս պատկերին հավելեք եւս երկու հակադիր գործընթացներ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ միասին, որի հետ նա կապում է իշխանությանը տիրապետելու բոլոր հույսերը, հասկացել են, որ պետք չէ «օրորել ընտրազանգվածի ազգայնական հատվածի նավակը»: Արդեն տեւական ժամանակ է՝ Էրդողանը գիտակցաբար վերադարձել է ժխտման պետական հռետորաբանությանը, երբեմն հայերի հանդեպ թշնամանք հրահրող լեզու օգտագործելով: Ներկայում նա ժողովրդին պատրաստում է Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի առիթով ապրիլի 24-ին անցկացվելիք միջոցառումներին: Նախկինում տոնը նշվում էր մարտի 18-ին:

Հակառակ գործընթաց է ԱՄՆ Կոնգրեսում: Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ժամանակաշրջանից հետո Կոնգրեսի անդամներն Էրդողանի կողմից կոշտ հարձակումների ենթարկվեցին, որը հայտարարեց, որ նրանց «վարձել է» «զուգահեռ կառույցը», որը, ինչպես ինքն է կարծում, գոյություն ունի: Այդ առիթով բարձրացած վրդովմունքի ալիքը, ինչպես նաեւ Վաշինգտոնի հետ հարաբերություններում այլ ճեղքվածքները, 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու բանաձեւի ընդունման խթան հանդիսացան: Այս անգամ Սպիտակ տանը, հավանաբար, դժվար կլինի դիմակայել դրան:

Ինչպես հասարակությունը վերակազմավորելու բազմաթիվ հնարավորությունների պարագայում, Էրդողանը կարող էր Թուրքիան սոցիալական եւ քաղաքական հաշտեցման բերել, բայց նրա մեջ արթնացավ բազմաթիվ հաղթանակներով խրախուսված ազգայնականը: Լավատես հայերն ու թուրքերը սխալմամբ ոգեշնչվել էին անցյալ տարվա ապրիլի 23-ին Էրդողանի գրասենյակի կողմից ուղարկված գրավոր ուղերձից, որում նա զգուշավոր ձեւակերպումներով ցավակցություն էր հայտնում ողբերգության զոհերի ընտանիքներին: Այդ պատճառով, հաշտեցման բարեկամներ, այս տարի նույնպես ձեր ակնկալիքները նվազագույնի հասցրեք. Անկարան չի փոխվել»: