«Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամները հրաժարվում են ցուցմունք տալ: Ձերբակալվածներից Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի, Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հայկ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀԽ բոլոր անդամերին ձերբակալել են Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն:
Նա նշեց, որ ՀԽ անդամները գտնվում են Էրեբունիի ձերբակալվածների պահման վայրում, Պավլիկ Մանուկյանը շարունակում է հայտարարած հացադուլը, առողջական վիճակը նորմալ է:
Փաստաբանից տեղեկացանք, որ ձերբակալվածների տները, գրասենյակները խուզարկելու արդյունքում որեւէ բան չեն հայտնաբերել, բացի փաստաթղթերից, թռուցիկներից: «Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հոդված, այստեղ իրավական բան չէ, աբսուրդ է, ի՞նչ են նախապատրաստել, եթե հայտարարել են, որ ապրիլի 24-ին հանրահավաք են հրավիրում, ինչի՞ մասին ցուցմունք տան: Սա արվում է նրանց ապրիլի 24-ին անազատության մեջ պահելու համար, ՀԽ անդամներին անօրինական կերպով պահում են անազատության մեջ, որեւէ հիմք չկա»,-ասաց Հայկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 6 անձ։ Քննչական կոմիտեից հայտնում են, թե ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գեւորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը եւ Արամ Հակոբյանը։ Կասկածյալների եւ նրանց հարազատների կողմից հրավիրված փաստաբանները ներգրավվել են որպես պաշտպաններ։
Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուքասզյանի պաշտպանությունն ստանձնել են փաստաբաններ Տիգրան Եգորյանը եւ Հայկ Գրիգորյանը, Պավել Մանուկյանի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Հայկ Գրիգորյանը, իսկ Գեւորգ Սաֆարյանինը՝ փաստաբան Գեւորգ Դավթյանը։ Կասկածյալ Վարուժան Ավետիսյանի շահերը ներկայացնում է 4 փաստաբան՝ Տիգրան Եգորյանը, Հայկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը եւ Գեւորգ Դավթյանը։





























