Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել պարտադիր 12-ամյա կրթությանը (ներկայումս 9-ամյա է): Համապատասխան օրինագիծն ընդունվել է 85 կողմ, 0 դեմ եւ 27 ձեռնպահ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի 2017-ից:

Նշենք, որ ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունները հայտարարել են, որ ձեռնպահ են քվեարկելու, իսկ ահա ՀԱԿ-ը հայտարարել է, որ կողմ է օրինագծին:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ քանի որ օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականից, ժամանակ է անհրաժեշտ կրթական բարեփոխումների բոլոր իրավական հարցերը մշակելու համար: Քանի որ օրինագիծը հենց այս պահին է քվեարկության դրվում, ԲՀԿ խմբակցությունը ստիպված է ձեռնպահ քվեարկել:

Իր հերթին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատել է, որ թեեւ ներկա իշխանությունը չի կարող բարեփոխումն ավարտին հասցնել, բայց օրենքը, որպեսա այդպիսին, ճիշտ է եւ պետք է ընդունվի:

Նշենք, որ պարտադիր 12-ամյա կրթությունն իր մեջ ներառում է սովորողի ընտրությամբ կամ ամբողջական միջնակարգ կրթությունը, կամ միջին մասնագիտական կրթությունը: