Եվրամիությունն ու Հայաստանը համաձայնության են եկել միասին աշխատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, եւ դա ընդգրկված կլինի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր երկկողմ համաձայնագրում։ Այս մասին ապրիլի 8-ին՝ Հայաստանում խտրականության կանխմանը նվիրված  հետազոտությունների ներկայացման շրջանակներում, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրք Լորենցը։

Նրա խոսքվ՝ Եվրամիությունը արժեքների համայնք է։ «Եվրամիությունը հիմնված է մարդու իրավունքների վրա։ Դա մեր ինքնությունն է, եւ դրա կարեւոր մաս է կազմում խտրականության դեմ պայքարը։ Դա հետեւողական պայքար է, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրներում։ Սակայն մենք հանդուրժողական ենք միմյանց հանդեպ։ Խտրականության դեմ պայքարը վերաբերում է ոչ միայն լուսանցքային խմբերին, այլ նաեւ ողջ հասարակությանը։ Կանանց իրավունքները նույնպես խտրականության դեմ  պայքարի մաս են  կազմում»,- հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարը։

Նշենք, որ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը Նիդերլանդների թագավորության աջակցությամբ հետազոտություններ է անցկացրել Հայաստանում խտրականությունը կանխող իրավական նորմերի եւ օրենսդրական բացթողումների կապակցությամբ։ Հետազոտության նպատակն է պարզել, թե Հայաստանում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության համար խտրականությունն արգելելու մասին առանձին օրենքի անհրաժեշտություն կա, թե ոչ։