Ապրիլի 8-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչեց Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 6-ը «Ողբերգական»։
Համերգը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։
Գուստավ Մալերը 1904-ի ամռանն իր նամակներից մեկում, անդրադառնալով Թիվ 6 սիմֆոնիային, գրում է. «Վեցերորդս պատրաստ է։ Կարծում եմ՝ ինձ հաջողվեց։ Հազար անգամ բա′ստա…»։ Դիրիժոր եւ մալերյան երաժշտության մեծ գիտակ Վիլեմ Մենգելբերգը, իր կարծիքը հայտնելով 6-րդ սիմֆոնիայի մասին, ասել է. «Դրանում ձայնի միջոցով փոխանցված է հսկայական ցնցող ողբերգություն, սարսափելի աղետի պայմաններում զոհված հերոսի տիտանական պայքար»։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատահական չէ ընտրված Մալերի «Ողբերգականը»։ Ապրիլին այլ ստեղծագործություն չէր կարող ներկայացվել։ «Ողբերգականն» ունի թեմատիկա, եւ այս ներկայացումը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումն է։
Սերգեյ Սմբատյանը նկատեց նաեւ, որ Մալերի 6-րդ սիմֆոնիան երաժշտական աշխարհի ամենաբարդ սիմֆոնիկ ստեղծագործություններից է, եւ նվագախումբը մշտապես դրական լիցքեր է ստանում՝ բարդագույն գործերը հաղթահարելուց։ Նա նաեւ ընդգծեց, որ Երիտասարդական նվագախումբն այսուհետեւ ավելի հաճախ կանդրադառնա Մալերին։





























